Երևանում մեկնարկում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 27-ից մայիսի 12-ը կանցկացնի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը: 2023-ին փառատոնը նվիրվում է լեհ մեծանուն կոմպոզիտորի 90-ամյակին։ Քշիշտոֆ Պենդերեցկու անունը կրող փառատոնը միակն է, որն անցկացվում է Լեհաստանից դուրս։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց՝ յուրաքանչյուր փառատոնի մասին կարելի է յուրովի խոսել, քանի որ տարբեր են հեղինակները, մենակատարներն ու երաժշտությունը, սակայն Պենդերեցկու անվան փառատոնը յուրահատուկ է:
«Հիշելով նրա գործունեությունը, կապվածությունը Հայաստանի, մեր նվագախմբի հետ՝ շատ խորհրդանշական է, որ հենց Հայաստանն է այն երկիրը, որը փառատոնով է տոնում Պենդերեցկու հոբելյանը: Շատ մեծ պատասխանատվություն ենք ստանձնել: Ցանկանում ենք՝ փառատոնը լինի ամենամյա, ամեն տարի ներկայացնենք երաժիշտների, կոմպոզիտորների, որոնք ժամանակակից երաժշտության նոր տաղանդներն են: Կան շատ լավ կատարողներ ու դիրիժորներ, սակայն նրանք, ովքեր անդրադառնում են ժամանակակից երաժշտությանը, շատ չեն»,-շեշտեց դիրիժորը:
Նրա խոսքով՝ փառատոնն ունի հստակ առաքելություն. այն միտված է ցույց տալու, որ աշխարհում կա մի երկիր՝ Հայաստանը, որն այդօրինակ փառատոն է կազմակերպում, այնինչ քիչ են նման երկրները, քանի որ ժամանակակից դասականների փառատոնները հասարակության լայն շրջանակի համար չեն:
Քշիշտոֆ Պենդերեցկին, որին անվանել են լեհ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր, հատկապես կյանքի վերջին տարիներին հաճախ էր այցելում Հայաստան: Դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նրա տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, հայուհի է եղել և Պենդերեցկու մանկության տարիներին հաճախ է նրան հայկական եկեղեցի տարել:
«Մենք Պենդերեցկուն ընկալում ենք որպես Հայաստանի բարեկամի, սակայն նա կոմպոզիտոր էր, որը երաժշտական նոր լեզու ստեղծեց ու մնաց պատմության մեջ: Նրա երաժշտությունն ու հայկական արմատներ ունենալու փաստն օգտագործելով՝ Պենդերեցկու անունը Հայաստանի մոդեռն երաժշտության հետ ենք կապում, ինչը շատ կարևոր է»,-նշեց Սմբատյանն ու հավելեց՝ երբ Պենդերեցկին գալիս էր Երևան ու շրջում էր փողոցներում, երիտասարդները նրան ճանաչում էին: Փառատոնի առաքելություններից մեկն էլ Քշիշտոֆ Պենդերեցկու անունը վառ պահելն է:
Սերգեյ Սմբատյանի համար Պենդերեցկին լեգենդ է եղել: Դիրիժորն ուրախ է, որ հետագայում նրա հետ ծանոթանալու և մտերմանալու առիթ է ընձեռվել: «Շատ մտերիմ էինք, այցելում էի նրա տուն, հաղորդակցվում: Նրա երաժշտությունը լսելով՝ տեսնում ես, որ Պենդերեցկին շատ դրական էր, հումորով էր, հաճախ մանկական հումորով էր, երբեմն էլ՝ սարկաստիկ: Հետաքրքիր մարդ էր ու երբեք չէր խոսում երաժշտության մասին, որը նրա կյանքն էր: Շփվելով նրա հետ՝ հասկանում էիր, որ կոմպոզիտորն այն մարդն է, որը չի կարող երաժշտություն չգրել: Դա նրա աշխատանքը չէր, այլ կյանքն էր: Տեսնելով այդ մարդուն, նրա տեսակը՝ և՛ նվագախումբը, և՛ ես շատ ենք ոգևորվել, ու նրա հետ շփումը շատ է հարստացրել բոլորիս»,-պատմեց Սերգեյ Սմբատյանը:
Փառատոնի շրջանակում նախատեսում են կազմակերպել սիմֆոնիկ, կամերային համերգներ, քննարկումներ, սակայն անպայման մեկ համերգ պետք է նվիրված լինի Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմանը: Այս տարին բացառություն չէ: Հնչելու են հեղինակի Ֆլեյտայի կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան, որը կոչվում է «Սուրբ ծնունդ»:
«Նման փառատոնը շատ մեծ հեղինակային ներդրում է Հայաստանի համար, քանի որ շատ քիչ նվագախմբեր ու հասարակություններ կան, որոնք պատրաստ են կազմակերպել ժամանակակից երաժշտության փառատոն: Այն, որ մենք նման բան ենք անում, մեծ ձեռքբերում է»,-ասաց Սմբատյանն ու հույս հայտնեց, որ տարիների ընթացքում փառատոնն ավելի կզարգանա:
Պենդերեցկու անվան փառատոնը, որն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հայ երաժշտասերներին կներկայացնի համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությունը և դասական երաժշտության մերօրյա լեգենդներին։ Ամենամյա փառատոնը ներառում է 4 համերգային երեկո, որտեղ ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։ Ժամանակակից դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու ոչ միայն Պենդերեցկու, այլև Յոաննա Վնուկի, Ակիրա Նիշիմուրայի, Քրիստոֆ Բերտրանի, Կլաուս-Շտեֆեն Մանկոպֆի, Ջոն Քեյջի, Գալինա Ուստվոլսկայայի, Ջոնաթան Հարվիի, Վալենտին Սիլվեստրովի, Ալեքսեյ Շորի, Լերա Աուերբախի, Քրիստոֆեր Մուսկատի, Էրիկ Ուիթաքրի, Արվո Պյարտի ստեղծագործությունները։ Համերգային ծրագրերում ընդգրկված են նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների երկեր՝ Էլեն Յոլչյանի «Սինան» և Տիգրան Մանսուրյանի «Գիշերային սերենադը»։
Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի մենակատարներ՝ ֆլեյտահար Նոյեմի Գյորին, դաշնակահարներ Միրոսլավ Կուլտիշևը, Հայկ Մելիքյանը։ Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա նաև մենահամերգով։ Փառատոնային համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Միշել Թիլկինը։ Բացման համերգին, որը տեղի կունենա ապրիլի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ներկա կլինի Քշիշտոֆ Պենդերեցկու այրին՝ Էլժիբետա Պենդերեցկին:
Անժելա Համբարձումյան