«Դպրոցից երեխաներին պետք է ցույց տալ թմրանյութերից կախվածության քայքայիչ ազդեցությունը. Անահիտ Ավանեսյան

«Իմ համոզմամբ՝ թմրամոլությունն ավելի հույժ կարևորության հարց է և ավելի վտանգավոր, քան COVID-ը, որ երբևէ ունեցել ենք»,- այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց, թե նախարարությունն ի՞նչ վիճակագրություն ունի թմրամոլության տարածման  արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ մահացություններ, բուժման մեջ գտնվողներ, և ի՞նչ ռազմավարություն է այս պահին մշակվում այդ աղետը կասեցնելու համար:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ թմրամոլությունը և առհասարակ կախվածությունների հետ կապված խնդիրն աշխարհի բոլոր երկրներում ավելի լուրջ տեղ է զբաղեցնում.

«Հաշվի առնելով, որ թե՛ սոցիալական կայքերի, թե՛ նոր տեխնոլոգիաների մուտքը դրանց հասանելիությունը նաև երեխաներին՝ շատ ավելի դյուրինացնում է:

Կարդացեք նաև

Քանի որ սա միայն առողջապահական հարց չէ և միայն Առողջապահության նախարարությունը չի կարող դրան համարժեք քաղաքականություն մշակել և միջոցառումներ կիրառել, վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներգրավված են՝ Ներքին գործերի, Կրթության և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Մենք ունենք թմրամոլության դեմ պայքարի ռազմավարություն, այս պահին այն թարմացվում է, այն 3 տարին մեկ անգամ վերանայվում է և համապատասխանեցվում է տվյալ պահին առկա ավելի սուր խնդիրներին արձագանքելուն»:

Նախարարի խոսքով՝ թմրամոլության դեմ պայքարում նկատվում է դիմելիության և հայտնաբերելիության աճ.

«Դրանք գուցե մեր վիճակագրական տվյալները վատթարացնում են, բայց մյուս կողմից էլ՝ մեկ այլ հարց կա: Մենք վերջին տարիներին ամբողջությամբ վերակառուցեցինք մեր կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը,  եթե նախկինում որևէ մեկը ցանկություն չէր ունենա այդ կենտրոն այցելելու և բուժում ստանալու, այսօր ունենք մի կենտրոն, որը դարձել է հրապուրիչ, և այնպիսի մի տեղ, որտեղ մարդիկ կարող են դիմել, ստանալ անհատական խորհրդատվություն և բուժման ընթացք, ինչը մեծացնում է դիմելիությունը:

Մեզ համար խիստ կարևոր են թմրանյութերի օգտագործման նաև դաստիարակչական և իրազեկման աշխատանքները, և սրա շրջանակներում մենք ակտիվորեն աշխատում ենք ԿԳՄՍ նախարարության հետ, պետք է դպրոցից երեխաներին ցույց տալ ոչ միայն թմրամոլության, այլև այլ կախվածությունների քայքայիչ դերը՝ ոչ միայն առողջության, այլև՝ մարդկային կերպարին ընդհանուր առմամբ…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս