«Չեմ սիրում «փոքրամասնություն» բառը». Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Զատկի տոնի կապակցությամբ այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Իմամօղլուին ուղեկցել են նախկին դեսպան Նամըք Թանը և Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մահիր Փոլաթը։ Պոլսի Հայոց պատրիարքի հետ միասին նրանց ընդունել են հոգևորականներ, Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Հրանտ Մոսքոֆյանը, պատրիարքարանի ընկերային օժանդակության հանձնախմբի ատենապետ Հերման Գավաֆյանը։

Պատրիարք Մաշալյանը բարի գալուստ է մաղթել Իմամօղլուին և ուրախություն է հայտնել նրան պատրիարքարանի սրբազան հարկի տակ տեսնելու համար։

Իմամօղլուն նշել է, որ որպես Ստամբուլի նման մեծ քաղաքի քաղաքապետ այցելել է, որպեսզի անձամբ շնորհավորի Հայոց պատրիարքի և հայկական համայնքի Զատկի տոնը։ Ասել է, որ դժվար ժամանակներ են ապրում, երկրաշարժի աղետը ողջ հանրությանը ցավ է պաճառել և ընդգծել․ «Որպես Ստամբուլի քաղաքապետ հնարավոր ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ավելի լավ պայմաններում»։

Իմամօղլուն նաև նշել է, որ չի սիրում «փոքրամասնություն» բառը և Գումգափուում է, որպեսզի շնորհավորի հայերի Զատկի տոնը։

Հանդիպման ավարտին Հայոց պատրիարքը զատկական կարմիր հավկիթ է նվիրել քաղաքապետ Իմամօղլուին և հաջողություն մաղթել իր ծառայության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս