Մահացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է մաթեմատիկոս, նախկին շախմատիստ Վանիկ Սուրենի Զաքարյանը։
Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936 թվականի մարտի 21-ին, Մեղրի քաղաքում։
1959 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը։
1962-1977 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1977 թվականից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան էր։
1963 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1976 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ 1979 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։
Նա ԽՍՀՄ սպորտի վարպետ է (1960թ), շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոն (1961, 1976թթ)։ 1990-1994 թթ. եղել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, իսկ 1994-2004 թթ՝ ֆեդերացիայի նախագահ։ 2004 թվականից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահն էր, ինչպես նաև ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահը։
Վանիկ Զաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 16-ին ժամը 17։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։