Լիոնի քաղաքապետն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ու նրա գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։
Լիոնի քաղաքապետն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել շրջափակումն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
Սերգեյ Ղազարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջերմ ու բարեկամական վերաբերմունքն Արցախի հանդեպ և շնորհակալություն հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար։