Բաժիններ՝

Լիոնի քաղաքապետը Զինվորի տան շահառուներին հանձնեց «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի վկայականներ

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Հայասատան այցի շրջանակներում «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի /CEPFA/ վկայականներ հանձնեց կենտրոնում դասընթացները հաջողությամբ ավարտած Զինվորի տան շահառուներին:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի վկայականներ ստացան Զինվորի տան 11 շահառուներ՝ պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող տղաներն ու իրենց ընտանիքի անդամները:

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, հանձնելով վկայականներ Զինվորի տան շահառուներին, ընդգծեց, որ շատ բարձր է գնահատում այն, որ լավագույնս տրվում է այս երիտասարդներին և իրենց ընտանիքի անդամներին և՛ բժշկական, և՛ նրանց ապագայի կերտման տեսակետից:

«Դա նրանց հոգեբանական, կրթական և նրանց նորմալ կյանքին վերադառնալու ուղեկցումն է, որն այստեղ իրականցվում է, և դա ինձ համար մեծագույն արժեք է, որը ես շատ բարձր եմ գնահատում: Ես ուղղակի երջանիկ եմ, որ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը (CEPFA) և Լիոն քաղաքը այս ծրագրի միջոցով կարողացավ մասնակիցը լինել ձեր մեծ աառաքելությանը: Եվ ես տեսնում եմ, որ ծրագիրը հաջողվել է և ունի լավ արդյունքներ»,- ասաց Գրեգորի Դուսեն:

Զինվորի տան կրթական բաժնի համակարգող Սաթենիկ Էլբակյանը նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի ապրիլի 8-ին, երբ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ի և «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնի միջև կնքվել է հուշագիր, որի շրջանակներում Զինվորի տան շահառուներն, ինչպես նաև ընտանիքի անդամները կարող են ուսումնառել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ում:

«Կենտրոնում շահառուները հնարավորություն ունեն սովորելու վարսավիրական գործ, խոհարարություն, լուսանկարչություն, ատամնատեխնիկ, հրուշակագործություն, հաշվապահություն և մի շարք այլ մասնագիտություններ կամ արհեստներ, որոնք տղաներին և իրենց ընտանիքի անդամներին կյանքի նոր որակ հաղորդեցին և նրանք շատ հանգիստ կարողացան աշխատանքի տեղավորվել»,-ասաց Սաթենիկ Էլբակյանը:

Նա նշեց, որ ծրագրի մեկնարկից մինչ այսօր իրականացվել է դասընթացների երեք փուլ, որին մասնակցել է Զինվորի տան 26 շահառու. «Այսօր երրորդ փուլի մասնակիցներից 11-ը ստացան ավարտական վկայակններ»:

Նա վստահեցրեց, որ շահառուներից ոմանք արդեն ունեն աշխատանք և զբաղվում են սիրելի գործով: Իսկ ծրագիրը լինելու է շարունակական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս