«Հասկանում ենք՝ եթե շատ մոտ գնանք հողերին, թշնամին կկրակի. շրջափակումը թշնամու գործողությունների վրա որևէ կերպ չի ազդել». Կարմիր Շուկայի ղեկավար
Ապրիլի 9-ին՝ Սուրբ Հարության տոնի օրը, Ադրբեջանը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ուղղությամբ հերթական սադրանքին է դիմել՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը պաշտոնական հաղորդագրությամբ տարածել է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահներն ուղեկցել են մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը ներկայացնելով Կարմիր Շուկայում տիրող իրավիճակը՝ ասաց, որ տվյալ պահին վիճակն ընդհանուր առմամբ նորմալ է։
«Փառք Աստծո, մինչև այս պահը գյուղատնտեսական աշխատանքների մասով դեռևս խնդիր չի եղել։ Աշխատում ենք հիմնականում շփման գծին շատ մոտ հողատարածքները չմշակել, բայց այս պահին կոնկրետ Կարմիր Շուկայի մասով նման խնդիր դեռ չենք ունեցել։
Միանշանակ, եթե աշխատանքներ են իրականացնում, խաղաղապահները կանգնում են, իմ իմացությամբ են այդ աշխատանքները տեղի ունենում։ Նման իրավիճակում և նման միջդիրքային հատվածում անպայման խաղաղապահների միջնորդությամբ են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնում»,- նշեց Նարեկ Աթայանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, Կարմիր Շուկայի ղեկավարն ասաց, որ ինչպես ամբողջ Արցախում, այնպես էլ՝ Կարմիր Շուկայում իրավիճակը նույնն է։
«Մարդիկ գարնանացան աշխատանքներով են զբաղված, ինչ կախված է մեզանից, բնակչության համար ամեն ինչ անում ենք։ Մնացածն արդեն ժամանակի խնդիր է, և հումանիտար խնդիրների հետ կապված հարցերը դեռևս կարողանում ենք լուծել։ Թեպետ մեկ-երկու օր ուշացումով աշխատում ենք ամեն ինչ հասցնել գյուղ, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքները։
Գարնանացան աշխատանքների հետ կապված՝ դիզելային վառելիքը տրամադրվում է։ Մինչև այս պահը չի եղել դեպք, որ գյուղատնտեսական աշխատանքները դիզվառելիքի պատճառով չիրականացվեն։ Գազի անջատման հետևանքով բենզինով մեքենաների շարժն է նվազում, սա է խնդիրը, բայց բնակչությունը հիմնականում ըմբռնումով է մոտենում այս խնդիրներին»,- հավելեց Նարեկ Աթայանը։
Նրա խոսքով՝ այն մշակովի հողատարածքները, որոնք Կարմիր Շուկայում բնակիչները մշակում են, միանշանակ բավարար չեն։
«Իհարկե հասկանում ենք, որ եթե շատ մոտ գնանք հողերին, թշնամին կկրակի, այդ ամենից խուսափելու համար առայժմ բավարարվում ենք եղածը մշակելով։ Խոսքը միջդիրքային հատվածում գտնվող հողերի մասին է։ Իրավիճակն այս առումով նույնն է, ինչ նախորդ տարի, շրջափակումը թշնամու գործողությունների վրա որևէ կերպ չի ազդել»,- եզրափակեց Նարեկ Աթայանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Արդեն 120-րդ օրն է՝ 120 հազար արցախահայեր Ադրբեջանի շրջափակման հետևանքով ապրում են հումանիտար աղետի պայմաններում։