Վահրամ Դումանյանը հանդիպել է օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանի հետ
Հայաստանի նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը հանդիպել է օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանի հետ։ Դումանյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
«Ջերմ հանդիպում ունեցա տաղանդավոր երգչուհի, մեր օպերային երգարվեստի ծագող աստղ Ջուլիանա Գրիգորյանի հետ:
Ջուլիանան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել լեգենդար երաժիշտներ Ռիկարդո Մուտիի և Պլասիդո Դոմինգոյի հետ: Ջուլիանան աշխարհահռչակ «Operalia» մրցույթում նվաճել է առաջին մրցանակը, Ռոլեքս ընկերության կողմից տրվող Rolex Prize of the Audience մրցանակը, ինչպես նաև արժանացել է Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուժկոի անվան 11-րդ վոկալ մրցույթում բացառիկ մրցանակի՝ Գրան Պրիի, որը մինչ այդ տվյալ մրցույթի 30-ամյա պատմության մեջ բաշխվել էր ընդամենը երկու անգամ։
Ջուլիանան մարտ ամսին իր առաջնախաղը ունեցավ Իտալիայի Ռավեննա քաղաքում, Պուչինիի «Բոհեմ» օպերայում՝ Միմիի դերերգով»,- գրել է Դումանյանը: