Երեկ Օնիկ Գասպարյանը 3-րդ անգամ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով չի գնացել, պաշտոն չի ստանալու
Ապրիլի 4-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 3-րդ անգամ է գնացել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Լուրեր եղան, որ նույն օրը հարցաքննվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մեր հավաստի տեղեկություններով, Օնիկ Գասպարյանը երեկ ԱԺ-ում չի եղել, 3-րդ անգամ չի հարցաքննվել հանձնաժողովի շրջանակներում:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր միայն Զոհրաբ Մնացականյանի հետ փակ հանդիպումից:
Հավելենք, որ մեր տեղեկություններով, Օնիկ Գասպարյանի՝ պաշտոն ստանալու լուրերը ևս չեն համապատասխանում իրականությանը: