Երբեք չենք մոռանա. Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:
Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:
«Միշտ հիշենք եւ երբեք չմոռանանք: Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար». այսպիսի գրառում է կատարել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակության կազմում է նաեւ ազգությամբ հայ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Անրի Կարապետը, որը նույնպես գրառում է կատարել հուշամատյանում. «Մենք երբեք չենք մոռանա, մենք պետք է միշտ հիշենք եւ պահանջենք»: