«Տուժում է հայրենիքը, որի տարածքները քիչ-քիչ հանձնվում են. Խաչատուրովին հերոսի կոչում տվեց, հետո նստեցրեց, չգիտեմ՝ սա ի՞նչ ծնունդ է, սրանից պրծում չկա՞». Մադլեն Ասրյան

Արդեն 111-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Դեկտեմբերի 12-ից 120 հազար արցախահայեր ապրում են հումանիտար աղետի մեջ՝ զրկվելով արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունից։ Հարյուրավոր հիվանդներ, որոնք այս պահին չեն կարողանում իրենց բուժումը ստանալ Ստեփանակերտում, միայն Կարմիր խաչի միջոցով են կարողանում հասնել Երևան։

ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա Մադլեն Ասրյանը, ով ծնվել է Արցախի Վանք գյուղում, բայց այս պահին բնակվում է Երևանում, 168.am հետ զրույցում ասաց, որ ցավով է հետևում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Արցախում՝ ընդգծելով, որ իրավիճակը փոխելն անհնարին չէ, պարզապես ցանկություն է պետք։

«Հայաստանի ու Արցախի ղեկավարությունը, եթե ցանկություն ունենար, ելք կմտածեր, բայց չեն մտածում, ամեն ինչ թողել են ինքնահոսի։ Եթե իշխանությունը չի աշխատում, ապա հասարակ ժողովուրդն ի՞նչ հնարավորություններ ունի։ Ժողովրդի այն հատվածը, որը սխալ է գործել ու մինչև հիմա շարունակում է սխալ գործել, դրա արդյունքում տուժել ու տուժում է հայ ժողովուրդը։ Տուժում է նաև մեր հայրենիքը, որի տարածքները քիչ-քիչ հանձնվում են թշնամուն։

Արցախի 75 տոկոսը հանձնեցին, ծախեցին, բայց դրանով ամեն ինչ չավարտվեց, հետո եկան Սյունիք, Վարդենիս ու այլ տեղեր։ Իսկ եթե մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեր, Արցախի ու Հայաստանի իշխանավորները սրտացավ մոտեցում ցուցաբերեին, այսպես չէր լինի։ Այս ամենը ղեկավարության սխալ քայլերի արդյունքն է, որին մենք բախվում ենք ամեն օր։

Կարդացեք նաև

2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո ներկայիս իշխանությունը չպետք է ընտրվեր, բայց դե, իրենք իշխանության էին, բոլոր լծակներն օգտագործեցին ու վերընտրվեցին։ Գիտեք, այստեղ տուժում է հասարակության այն հատվածը, որը լավ հասկանում է, թե սրանք ով են»,- նշեց Մադլեն Ասրյանը։

Ըստ նրա, եթե Արցախի մի հատվածի հանձնումից, ունեցած զոհերից հետո ժողովուրդը կրկին ընտրեց օրվա իշխանություններին, ապա արդեն ակնհայտ էր, թե վերջիններս ինչ են անելու, ու ինչ էր սպասվելու երկրին։

«Եթե այս ամենն իշխանություններին ընտրողները չհասկացան, կարծում եմ՝ չի գտնվի համարժեք բառ, որով կկարողանամ նրանց բնութագրել։ Այն, ինչը մենք զրկանքներով ստեղծել էինք, սրանք մեկ վայրկյանում ոչնչացրեցին։ Տեսեք՝ ինչ են անում բուհերի շենքերը, ո՞վ են սրանք։ Ամեն օր նախկին իշխանություններին են քննադատում, դա անում են իրենց ընտրազանգվածի համար, որպեսզի կարողանան իրենց սև գործն անեն։

1988 թվականին մենք ոտքի կանգնեցինք, հույսով, հավատով ու ազնվորեն պայքարեցինք ու մենք դրա արդյունքը ստացանք, այդքան հող ազատագրեցինք, բանակը կայացավ, սահմանն անվտանգ դարձրեցինք։ Այս իշխանություններին ընդամենը երկու տարի էր պետք, որ այդ ամենը ոչնչացներ։ Գիտե՞ք ինչ, այս իշխանությանը ես ասում եմ՝ «լևոնական իշխանություն», որը տանում է այն քաղաքականությունը, որը ժամանակին նա էր տանում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

ՀՀ վաստակավոր արտիստուհին բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներկայիս իշխանություններն ի սկզբանե ամեն ինչ անում են, որպեսզի ոչնչացնեն ազգի հերոսներին, այն մարդկանց, որոնց շնորհիվ այսօր հայրենիք ունեն։

«Գրիգոր Խաչատուրովին հերոսի կոչում տվեց, հետո տարավ նստեցրեց։ Ես չգիտեմ՝ սա ի՞նչ ծնունդ է, ինչո՞վ է ղեկավարվում, որ մեզ այս օրին հասցրեց, սրանից պրծում չկա՞»,- եզրափակեց Մադլեն Ասրյանը։

Տեսանյութեր

Լրահոս