«Ամոթ իրենց. Արցախի թեմի առաջնորդի և Կարեն Շաքարյանի քայլերը չեն տեղավորվում գիտակից մարդու ուղեղում». Մադլեն Ասրյան
Երեկ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հերթական հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական քայլերթն էր՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, ավելի ճիշտ՝ եկեղեցու բակ։
Նիկոլ Փաշինյանին ուղեկցող անձինք չէին փոխվել, բոլորը նույն դեմքերն էին, սակայն այս անգամ լրագրողները հակաեկեղեցական շարժման շարքերում նկատեցին Արցախի հերոս, գեներալ Կարեն Շաքարյանին։
Վերջինս գրեթե որևէ հարցի չպատասխանեց, այդ թվում՝ Բաքվի բանտում պատանդի կարգավիճակում պահվող արցախցիների վերաբերյալ։
ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա Մադլեն Ասրյանը ամոթով է տեսել, թե ինչպես է արցախցի գեներալը միացել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, մինչդեռ գեներալի անելիքները բոլորովին այլ պետք է լինեին, այն էլ այս դեպքում, երբ Արցախը կորսված է, իսկ հազարավոր արցախահայեր դարձել են տնավեր։
«Արցախի թեմի առաջնորդը, Կարեն Շաքարյանը կատարում են հակաեկեղեցական գործողություն, ինչն անընդունելի է, ցանկացած հայի, առավել ևս՝ Արցախի թեմի առաջնորդի, գեներալ կոչեցյալի համար, ամոթ իրենց, որ նման քայլեր են անում։ Ինքս այդ անձանց քայլերը դավաճանություն եմ համարում։ Ինքս Վրթանես Աբրահամյանին չեմ համարում այլևս Արցախի թեմի առաջնորդ, այսքանից հետո էլ ի՞նչ թեմի առաջնորդ, գիտակից մարդու ուղեղում այդ անձի և Կարեն Շաքարյանի քայլերը չեն կարող տեղավորվել, ինձ համար այդ մարդիկ արդեն անընդունելի են»,– 168.am-ի հետ զրույցում ասաց Մադլեն Ասրյանը։
Արտիստի կարծիքով՝ այսօր հայ ազգն այնպիսի խնդիրների առաջ է կանգնել, որ վերջապես ժամանակն է խելքի գալու։ Սա պետք է լինի ազգի առաջնահերթությունը՝ խելքի գալ ու չանել քայլեր, որոնք կարող են հանգեցնել անդառնալի կորուստների, առանց այն էլ վերջին 7 տարիների ընթացքում ազգն անընդհատ կորուստներ է ունենում։
«Մեր ազգը պետք է միանա մի ուժի և կանգնի այդ ուժի կողքին, որն ապագա, ապահովություն մեզ կապահովի, որը երաշխավորում է մեր սահմանների, երկրի ապահովությունը։ Ժամանակը գա, ես անունն էլ կտամ, թե ում շուրջ պետք է համախմբվել, կրկնում եմ՝ պետք է համախմբվենք փորձված, ճանապարհ անցած, հայ ազգի ու հայրենիքի համար մեծ ներդրում ունեցած անձի շուրջ, որը շատ բան է արել նաև Արցախի համար։ Իհարկե, ես Արցախը նույնպես Հայաստան եմ համարում, Հայաստանի մի մասնիկը, պետք է այդ անձի ու ուժի շուրջ համախմբվենք և մեր երկիրը կործանումից փրկենք։
Ամոթ է մեզ, հայ ազգին ամոթ է, որ այսպիսի իշխանություն ունի, այն էլ՝ այդքան փառահեղ հաղթանակից, այդքան ծանր երկրաշարժից ու պայքարից հետո։ Մենք այդքան ծանր վիճակից կարողացանք հպարտ դուրս գալ, բայց այսօր այսքան խեղճացած, նսեմացած, գլուխներս կախ, հույս էլ չունենք, որ վաղը լավ կլինի»,- շեշտեց Մադլեն Ասրյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր ոչ միայն արցախահայերը, այլև ողջ հայ ազգն այնպիսի խեղճացած վիճակում է, որ անելիք ունեն ոչ միայն մտավորականները, ասելիք ունեցող մարդիկ, այլև ողջ ժողովուրդը։
«Ի վերջո, պետք է լուրջ դատողություններ անենք այս իրավիճակում և փորձառու մարդու կողքին կանգնենք։ Սա հայոց հարց է, ասում էին՝ «Արցախը տանք, որ լավ ապրենք», լա՞վ են ապրում, Արցախից հետո այդ վատը գալիս ու գալիս է, լավ բան չկա։ Ժամ առ ժամ, օրեցօր մեր վիճակն ավելի է բարդանում։ Դրա համար եմ ասում՝ պետք է լուրջ վերաբերվենք ստեղծված իրավիճակին»,- ընդգծեց Մադլեն Ասրյանը։
