«Այս այլանդակությանը պետք է վերջ տալ. դիմում ենք ԶԼՄ-ներին». հանձնաժողովի անդամը` ՔՊ-ականների խախտումների մասին

«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը ահազանգում է մարզի Սիսիան համայնքում վաղը կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին։

«Այսօր թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով դիմել էինք ՔՊ-ի ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հանձնաժողովը, բոլոր հնարավոր օրենքները խախտելով, մերժել է մեր դիմումը։ Բողոքարկում ենք վարչական դատարան։ Քիչ անց կլինենք Երևանում։ Նախադեպը չունեցող իրավիճակ է»,- ասաց Վարդան Բալյանը։

Նրա խոսքով` իշխող ուժի կողմից խախտումներն աղաղակող են, փաստագրված տեսանյութերով։

Վերջինս նշեց` գնալու են մինչև վերջ։

Կարդացեք նաև

«ՔՊ-ն իրեն խայտառակ է պահում բառի ուղիղ իմաստով։ Մարտի 1-ից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը։ Մինչև ամսի 18-ը ամբողջ Սիսիանով մեկ 60 վահանակների վրա տեղադրված են եղել անօրինական պաստառներ, և բոլորը համայնքային սեփականության գույք հանդիսացող էլեկտրական սյուների վրա, որոնց օգտագործման կարգը սահմանված է, որ պետք է լինի ավագանու համապատասխան որոշմամբ»,- ասաց Վարդան Բալյանը։

Ըստ նրա` պաստառները, որոնց պատվիրատուն ՔՊ-ն է, 18 օր փակցված են եղել անօրինական, ինչի հետևանքով ստեղծվել են ոչ հավասար, խտրական պայմաններ։

«Թեպետ խախտումն արձանագրված և վերացված է, գնահատական չի տրվել պաշտոնական դիրքի չարաշահմանը։ Խոսքը համայնքապետի ժ/պ-ի, նրա տեղակալների մասին է, ովքեր ՔՊ-ի ցուցակում են։ Հենց նրանք էլ ըստ ամենայնի տվել են պաստառներ փակցնելու թույլտվություն»,- ասաց Վարդան Բալյանը։

Նրա խոսքով` Հանձնաժողովը ինչ-ինչ պատճառներով, վարչական վարույթը ոչ լրիվ և օբյեկտիվ իրականացնելով,   անտեսել է բոլոր իրենց ներկայացրած ապացույցները առ այն, որ խախտումը հենց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն է արել։

«Մյուս խախտումը վերաբերում է Civic.am  կայքին, որի իրավատերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, ողջ քարոզչության ընթացքում պատվիրված քաղաքական գովազդ է արել, սակայն այդ գովազդային նյութերի վրա գրված է ոչ թե պատվիրատուի անունը, այլ նշված ԶԼՄ-ի»,- ասաց ՔՈ-ներկայացուցիչը` հավելելով, որ կայքը մինչև մարտի 23-ը բազմիցս խախտել է օրենքը՝ միակողմանի քարոզչություն իրականացնելով, ինչպես նաև մարտի 22-ից հետո ակնհայտ հակաքարոզչություն անելով։

Ըստ նրա՝ նշված կայքը ՔՊ-ի կողմից վճարվող քաղաքական բնույթի քարոզչական նյութեր է հրապարակել՝ մարդկանց հեղինակությունը վնասող։

Վարդան Բալյանը նաև այսօր` լռության օրը, կատարված խախտումների մասին նշեց, ասաց, որ ՔՊ-ն վճարովի քաղաքական գովազդ նաև այսօր է արել, երբ դա արգելված է օրենքով։ Բացի դրանից, օգտագործել են Սիսիանի համայնքապետարանին պատկանող տրանսպորտային միջոց։

«Մեքենան օգտագործվել է ՔՊ-ի նախընտրական շտաբի կողմից։ Լուսանկարներ և տեսանյութ առկա են»,- ասաց նա։

Վերջինս կրկին փաստեց` հանձնաժողովի որոշումը ուղղորդված էր Երևանի կողմից։

«Այս այլանդակությանը պետք է վերջ տալ. մենք դիմում ենք ԶԼՄ-ներին»,- ասաց  հանձնաժողովի անդամ, ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանը ՔՊ-ի խախտումների մասին։

Տեսանյութեր

Լրահոս