Տիկին նախարար, պարոն Խզմալյան, մի՛ արեք մեզ այդ լավությունը, մի՛ միավորեք, թողե՛ք հանգիստ աշխատենք. Սարգիս Չոլոյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նրանք անդրադարձան այս խնդրին ու ներկայացրեցին իրենց հիմնավորումները:
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանը նշեց, որ տարեկան հաշվետվության ժամանակ թերի է կատարվել թատրոնի ֆինանսական պլանը, ինչի մասին ԿԳՄՍ նախարարությունում երկար են խոսել, ինքն էլ բացատրել է, թե պատճառը որն է:
«Բազում խնդիրներ կան թատրոնում. և՛ ձայնային, և՛ լուսային տեխնիկայի, և՛ դահլիճի վերանորոգման, և՛ վերելակի: Հանդիպումից 1.5 ամիս հետո ունեցանք ներկայացման պրեմիերա՝ «Գարեգին Նժդեհ-իրական առասպել»: Հաջորդ օրը հրավիրվեցի նախարարություն՝ փոխնախարար Արա Խզմալյանի մոտ, ու զրույցն այսպես սկսվեց. «Սարգիս ջան, մենք ընկերներ ենք, հասկանում եմ, բայց զրույցը ծանր է լինելու: Դուք և՛ պլանը չեք կատարել, և՛ որպես թատրոն՝ չեք ծառայում ձեր նպատակին: Ձեզ առաջարկում եմ վարչական մասը ցրել, վերամիավորվել Սունդուկյան թատրոնի հետ: Ե՛վ լույսը կունենանք, և՛ դահլիճը կվերանորոգվի, և՛ գումար կիջնի բեմադրությունների համար: Ասացի, որ ես համաձայն չեմ, ինչպես նաև միանձնյա չեմ կարող որոշել, պետք է խոսեմ կոլեկտիվի հետ:
Իսկ եթե խնդիրը այդ 3.5 միլիոն դրամն է, ապա այս տարվա մեջ կատարենք պլանը երկու անգամ ավելի: Առաջարկել եմ նույնիսկ սուբսիդիայից հրաժարվել, բյուջե մեզ չտրամադրել՝ մենք կպահենք թատրոնը, մենակ շենքին ձեռք մի տվեք: Ասաց, որ այդպես չի լինի: Հետո նորից գնացինք արդեն մի քանի հոգով, ժամանակ խնդրեցինք 6 ամիս, մեկ տարի, մի քանի օր հետո արձագանքը եղավ, որ՝ չէ, պետք է միավորվեք, լավ պայմաններ են ստեղծվելու: Տիկին նախարար, պարոն Խզմալյան, մի՛ արեք մեզ այդ լավությունը, մի՛ միավորեք, մեզ լավ պայմաններ պետք չեն, թողե՛ք հանգիստ աշխատենք»,- մանրամասնեց Սարգիս Չոլոյանը:
Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց նաև, որ 2010 թվականից, ըստ Կադաստրի թղթի, շենքի այդ հատվածը, որն իրենցն է, Սունդուկյան թատրոնից զատված է, 500 քմ-ն «Գոյ» թատրոնինն է:
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանն էլ շարունակելով գործընկերջ խոսքը՝ ասաց, որ ինչպես հասկացել է՝ այս գաղափարը ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի գաղափարն է: Ավելին, նա կատարվողը կապեց իր հետ և ներկայացրեց նախապատմությունը:
«Կորոնավիրուսի ժամանակ, երբ կարանտին էր, փոխնախարարն ինչ-որ հաղորդման մեջ հանդես եկավ և մեզ անվանեց թոշակառուներ, ինչ է թե՝ Ֆեյսբուքում ինչ-որ նյութեր չէինք դնում: Հետո եղավ «դիմակային» շարժումը, ես դիմակ կրում էի, բայց ոչ թեստ էի հանձնում, ոչ պատվաստվեցի: Ճնշումը նաև թատրոնի վրա էր: Իսկ «Գարեգին Նժդեհ-իրական առասպել»-ից հետո եղավ այդ հայտարարությունը: Արմեն Մազմանյանը 4 շրջանավարտ կուրս է ունեցել, և անպայման բեմադրում էր Նժդեհ: Այսօր մեզ պետք է Նժդեհ, փարոս է»,- նշեց Արթուր Սահակյանը՝ հավելելով, որ մինչ օրս չունեն ո՛չ լուծարման, ո՛չ միացման փաստաթուղթ և իրենք անիմաստ որոշումներին ենթարկվել չեն պատրաստվում, իսկ «Նժդեհը» խաղալու են:
Ավելին, շուտով լինելու է տնօրենի մրցույթ, և կա երկու թեկնածու՝ Սարգիս Արզումանյան, Էլիզա Մանթաշյան:
Ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն էլ նշեց, որ 30 տարի շարունակ պետական այրերը զբաղված են մշակույթ քանդելով:
«30 տարի շարունակ զբաղված ենք ազգի մշակութային գենոցիդով: Կուզեի անդրադառնալ այն նամակին, որը նախարարությունն ուղարկել է մեզ: Գրված է, որ ուղղորդվում են 2002թ. Կառավարության որոշումով: Այսինքն, մենք հետ ենք կյանքից 21 տարի՞: Նախարարին խորհուրդ կտամ՝ փոխել իրենց իրավաբանին: Առ այսօր գոյություն չունի «Թատոնների մասին» օրենք, և որևէ պետական այր չհասկացավ, թե ինչ է թատրոնը: Երբ փորձում եմ տրամաբանել, թե ի՞նչ է կատարվում այս թատրոնի հետ, այստեղ որևէ պետական մոտեցում չկա, անձնական է: Պարզապես մի քանի հոգի պայմանավորվել են, որ կարելի է միացնել, ինչո՞ւ չէ»,- նկատեց Սամսոն Ստեփանյանը:
Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն էլ ասաց, որ, բնականաբար, ֆինանսական և այլ թերացումներ կան, որոնք պետք է քննարկել նախարարության հետ ու փորձել լուծում գտնել:
«Երբ մեզ ասացին, որ առաջարկում են միանալ Սունդուկյան թատրոնին, մեզ մոտ հարց առաջացավ՝ իսկ եթե չենք ունենում իրավական որևէ լծակ, ապա մեզ հետ ի՞նչ է լինում: Մեզ հետ կարող են վարվել, ինչպես ուզե՞ն: Ուղիղ չեն ասում, որ ուզում են թատրոնը փակեն, իջեցնում են ներքև, որ կամաց-կամաց լուծարեն: Ասում են՝ ներկայացում բեմադրեք, գումար կիջեցնենք: Հարց, հիմա ինչո՞ւ չեն կարող այդ գումարն ուղղել թատրոնին, բարեկարգել»,- հարց բարձրացրեց դերասանը:
168.am-ը հետաքրքրվեց, թե փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ խոսք եղե՞լ է անձնակազմի տեղավորման մասին, ապա հիշեցրեցինք, թե ինչ արդյունք եղավ, երբ միավորեցին Պետական կամերային երաժշտական թատրոնը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Պարզվեց, որ շատ դերասանների տեղ չկար Պարոնյան թատրոնում: Ընդհանրապես քննարկվե՞լ է նման հարց, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում դերասաններին:
Դերասան Սարգիս Արզումանյանը պատասխանեց, որ չեն քննարկել, որովհետև չեն մտածում, որ միանալու են:
«Դա մեզ չի հետաքրքրում, չի լինելու նման բան»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ թատրոնի անձնակազմը չի անդրադարձել, իսկ նախարարությո՞ւնը, Սարգիս Արզումանյանը պատասխանեց, որ նախարարությունը ևս չի խոսել: