Բաժիններ՝

Ադրբեջանական SOCAR-ը Թուրքիայում ընդլայնում է իր էներգետիկ էքսպանսիան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Թուրքիայում իր բիզնես օպերացիաների ընդլայնման նախագծում ներգրավում է տեղի հայտնի գործարարի: Այս մասին հայտարարել է SOCAR-ի դուստր ընկերության SOCAR Turkey Enerji-ի ղեկավար Քենան Յավուզը:

Վերջինիս խոսքերով՝ թուրք գործարար Ռամզի Գյուրոմի հետ համատեղ հիմնվել են SOCAR Turkey Gaz Dağıtım (գազի բաշխում), SOCAR Turkey Petrol Enerji Dagıtım (նավթամթերքի բաշխում՝ ներառյալ դիզվառելիք, բենզին, մազութ) և SOCAR Power Enerji Yatırımları (էլեկտրաէներգիայի արտադրություն) ընկերությունները:

Յավուզը պարզաբանել է, որ այդ ընկերությունների ստեղծումը կապված է 2016 թվականին Իզմիրում SOCAR-ի Star նավթավերամշակման համալիրի շահագործման հանձնման հետ: Այդ ժամանակ SOCAR-ը կունենա նավթամթերքը նաև Թուրքիայի ներքին շուկայում վաճառելու կարիք:

STAR նավթավերամշակման գործարանի շահագործման հետ մեկտեղ նրա հարևանությամբ կսկսի գործել խոշոր ջերմաէլեկտրակայան՝ 612 մեգավատտ հզորությամբ: Այդ պատճառով էլ SOCAR Power Enerji Yatırımları-ը կզբաղվի էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտով: Իզմիրի ջերմաէլեկտրակայանի ներդրումները գնահատվում են 1 միլիարդ դոլար:

SOCAR Turkey Petrol Enerji Dagıtım ընկերությունը 2013 թվականի հունվարի 10-ին Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող վարչությունից լիցենզիա է ստացել 15 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ SOCAR-ը 2008 թվականի մայիսին 2 միլիարդ 40 միլիոն դոլարով գնել է Իզմիրում բազավորված Petkim նավթաքիմիական հոլդինգի վերահսկիչ փաթեթը (51 տոկոս):

Իզմիրում Star նավթավերամշակման գործարանի կառուցումը մեկնարկել է 2011 թվականի հոկտեմբերին, գործարանի տարեկան հզորությունը կազմելու է 10 միլիոն տոննա նավթ, ինչը լիովին կբավարարի թուրքական Petkim նավթաքիմիական ընկերության պահանջարկը:

Ի դեպ, SOCAR-ը մինչև 2018 թվականը 17 միլիարդ դոլարի ներդրում է անելու Թուրքիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս