«ՆԱՏՕ մտնելը ՀՀ օրվա իշխանությունների համար երազախաբություն է». Հայկ Նահապետյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարումն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև գործընթացների տրամաբանության մեջ։

«Մեծ հաշվով, խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Հայաստանն է լքելու ՀԱՊԿ-ը, այլ խնդիրը նրա մեջ է, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել Հայաստանը, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը, փորձում է օգտագործել Բաքվի փաստարկները և մեզ համոզել, որ այնտեղ սահման չկա, մինչդեռ այնտեղ կա սահման: Ալմա Աթայի հռչակագիրը երբեմն փորձում են մեր դեմ օգտագործել, նույնիսկ՝ մեր գործընկերները, բայց կարող են Ալմա Աթայի հռչակագրով ասել, որ հայտարարվել է՝ ադմինիստրատիվ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչում են՝ որպես միջպետական սահման, մենք ճանաչում ենք այդ միջպետական սահմանը, Ալմա Աթայի նշումը Պրահայում մեզ հնարավորություն է տալիս ճանաչելու այդ սահմանը, և մենք գալիս ենք պաշտպանելու այդ սահմանը: Մինչդեռ, դա չեն օգտագործում, օգտագործում են Բաքվի արգումենտները և փորձում են մեզ այլ բաներում մեղադրել: Քաղաքական ցանկության հարց է՝ մեզ օգնելու կամ չօգնելու: Եթե ցանկություն լինի օգնելու, բոլոր միջոցները կօգտագործեն և հիմնավորում կգտնեն, թե ինչպես օգնեն: Երբ ցանկություն չկա մեզ օգնելու, օգտագործում են բոլոր հնարավոր և անհնար արգումենտները՝ մեզ չօգնելու համար»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթա՞ց է սկսել, ի՞նչ զարգացումներ սպասել, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո ՆԱՏՕ-ում Հայաստանին սպասում են։

168.amի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը պատասխանելով այս հարցերին՝ կարճ մեկնաբանեց.

Կարդացեք նաև

«ՆԱՏՕ մտնելը ՀՀ օրվա իշխանությունների համար երազախաբություն է, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ երկիրն առնվազն պետք է տարածքային խնդիր չունենա։

Արմեն Գրիգորյանի ասածների մեջ նորություն չկա, Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու հենց առաջին օրվանից սկսել է այդ գործընթացը։ Մասնավորապես՝ հիշեցնեմ ՀԱՊԿ վարկաբեկման նրա սկսած գործընթացը, երբ նախկին Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին և նրան հետ կանչեցին։

Հիմա այս գործընթացը հասել է որոշակի հանգրվանի, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի ռոտացիայից Հայաստանը հրաժարվել է։ Հիշեցնեմ նաև, որ հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններից, այդ թվում՝ ՀԱՊԿ դիտորդներից, որոնք պետք է գային հայ-ադրբեջանական սահման»։

Ըստ ռազմական փորձագետի, ՀՀ իշխանությունների չմտածված քայլերը կարող են «մեծ ավեր բերել Հայաստանի գլխին»։

«Մեզ բավականին ծանր օրեր են սպասվում մեկ պարզ պատճառով՝ ՌԴ-ն պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմ, որի վերաբերյալ վերջերս հրապարակավ արտահայտվել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Մեդվեդևը։

Հիմա ՀՀ իշխանությունների քաղաքականության արդյունքում Հայաստանը դառնալու է այդ երկու ուժային կենտրոնների բախման տիրույթը, ընդ որում՝ ռազմական առումով։ Եթե իշխանությունն այս ամենի հետևանքների մասին չի մտածում, թող մտածի ժողովուրդն ու քաղաքական ընդդիմությունը»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս