Ադրբեջանը բոլոր հարցերում ունի Արևմուտքի քարտ-բլանշը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով Երևանում է, և Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը՝ Բաքվում, հարցազրույցներ են տվել՝ ըստ էության հստակորեն ուրվագծելով, թե ինչ «խաղաղության» օրակարգ են տեսնում ռեգիոնում:
Լուիս Բոնոն «Ազատության» հայկական ծառայությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել, ասել է, որ այս գործընթացում իր դերը միջնորդությունը չէ: «Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից»,- ասել է Բոնոն, ըստ էության կրկին առաջ մղելով ուղիղ երկխոսության օրակարգն այն դեպքում, երբ Բաքուն ահաբեկչությամբ է առաջնորդվում Ստեփանակերտի ու Երևանի հետ իր հարաբերություններում:
Իր հերթին՝ Տոյվո Կլաարն ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ «Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»,- ասել է Կլաարը՝ ոչ մի խոսք չասելով, չդատապարտելով մարտի 5-ին Ադրբեջանի կազմակերպած ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց:
ԵՄ ներկայացուցչի պատկերացմամբ՝ «այդ թափանցիկությունը» ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է: Որոշ քայլեր, իր տեղեկություններով, «անցյալում քննարկվել են»: «Օրինակ՝ անցակետում ունենալ լրացուցիչ տեխնիկա, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը տարածքում»,- ասել է Կլաարը՝ նաև հավելելով, որ միևնույն ժամանակ Ղարաբաղի հայերի համար կարևոր է, որպեսզի իրենք անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում ունենան:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Ադրբեջանը բոլոր հարցերում ունի Արևմուտքի քարտ-բլանշը, քանի որ ներկայումս Ադրբեջանն Արևմուտքի համար դարձել է էներգակիրների անփոխարինելի մատակարար: Ըստ նրա, այստեղ նույնիսկ կարևոր էլ չէ Արևմուտքի համար՝ Ադրբեջանը սեփակա՞ն էներգակիրներն է մատակարարում, թե՞ Ռուսաստանի:
«Կարևորն այստեղ Ադրբեջանի այդ դերն է, որն էլ նշանակում է, որ Եվրոպան ոչ միայն փորձելու է խնդիր չունենալ Ադրբեջանի հետ, այլև խնդիրները դիտարկել ադրբեջանական դիտանկյունից: Իսկ Արևմուտքը չի ցանկանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջնորդ լինել, քանի որ այդ հարցը Բաքուն հանել է օրակարգից և հստակ հասկացրել, որ որևէ լուրջ հարց, ինչպիսին կարող է լինել ԼՂ քաղաքական կարգավիճակի հարցը՝ չի քննարկելու, և ինչի ականատեսը դարձանք օրերս. տեղի ունեցան մի քանի անօգուտ հանդիպումներ, քանի որ նույնիսկ տեխնիկական հարցեր հնարավոր չի եղել քննարկել: Արևմուտքի համար կարևոր է, որ այս հարցը փակվի, Ադրբեջանն ինչ-որ կերպ լուծի հարցը, իսկ ռուս խաղաղապահներն առավելագույնը երկու տարի անց լքեն ռեգիոնը: Արևմուտքի համար ԼՂ հարց չկա, այդ խնդիրը որևէ լուրջ պաշտոնական հայտարարությունում տեղ չի գտնում:
Նույնը մի փոքր այլ երանգներով տեղի է ունենում Երևան-Բաքու բանակցություններում, այստեղ պետք է Խաղաղության համաձայնագիր ստորագրվի, նրանք ցանկանում են լինել միջնորդ, բայց զուգահեռաբար չեն ցանկանում և չեն կարող դրա համար լուրջ ռեսուրս ներդնել: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Արևմուտքը, այնուամենայնիվ, չի տիրապետում այս ռեգիոնի առանձնահատկություններին: Այս ֆոնին Ռուսաստանը ռեգիոնի մասին իր իմացությամբ արտոնյալ դիրքեր ունի և կարող է ցանկության դեպքում այս գործոնն օգտագործել»,- ասաց Սկակովը:
Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է հասնել վերջնական կապիտուլյացիայի և փաստաթղթով ամրագրել, որ Երևանը հրաժարվում է ԼՂ-ից, սա է լինելու Արևմուտքի հովանու ներքո: «Այս պայմաններով հարաբերությունները կարող են կարգավորվել միայն մի որոշ ժամանակ, սա կայուն ու տևական խաղաղություն չի նշանակելու: Մոսկվան ու Բրյուսելն ամեն դեպքում տարբեր ընկալումներ ունեն խաղաղության համաձայնագրի մասին, Մոսկվան ԼՂ խնդրին մեծ նշանակություն է տալիս ու տվել, իսկ Բրյուսելն այդ հարցն ամեն կերպ անտեսել է: Հենց այս ամենով էլ պայմանավորված են արևմտյան միջնորդ դիվանագետների դիրքորոշումները»,- նկատեց Ալեքսանդր Սկակովը:
Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Արևմուտքի խնդիրն է՝ օր առաջ լուծել Հարավային Կովկասի բոլոր հարցերն այնպես, ինչպես հնարավոր է մինչ ուկրաինական հակամարտության ավարտը, որպեսզի մինչ այդ ավարտը Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով կորցրած լինի իր դիրքը Հարավային Կովկասում:
Ըստ նրա, Արևմուտքի համար միևնույն ժամանակ հասկանալի է, որ սա բարդ հակամարտություն է, և այն արդար, բոլոր կողմերին բավարարող սկզբունքով լուծելու համար գուցե տասնամյակների բանակցություններ պահանջվեն:
Նրա խոսքով, Արևմուտքն այդ ժամանակը չունի, Արևմուտքը շտապում է, քանի որ Ռուսաստանը պատերազմից ջախջախված չի դուրս գալու, եթե ոչ ավելին: Ուստի, Եվսեևի կարծիքով, ամենահեշտ եղանակը ուժի կողմը ստանձնելն է և այդ տարբերակով ինչ-որ լուծում առաջ մղելը:
Եվսեևը ևս գտնում է, որ առանց հավասարակշիռ լուծումների, ինչն այս դեպքում բացառվում է, հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Արևմուտքն արդեն իսկ սխալ ճանապարհով է ընթանում:
«Ռուսաստանն իր հերթին՝ հեռադիր դիրքորոշում է ստանձնել, բարդ է ասել, թե որքանով է այն արդարացված, սակայն գուցե դրա ներքո կան հստակ հաշվարկներ: Սակայն, այնուամենայնիվ, ներկայիս փուլը Հարավային Կովկասի համար բարդ է չթերագնահատել, Ուկրաինայից ոչ պակաս ինտենսիվության աշխարհաքաղաքական գործընթացներ են Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և հատկապես այն բոլոր գոտիներում, որտեղ ՌԴ-ն ունի ազդեցություն: Հարավային Կովկասում տեղի ունեցողի շրջանակում կարևոր են նաև այն ներքին գործընթացները, որոնք տեղի են ունենում Վրաստանում, այն փոքր հաջողությունները, որոնք կան ռուս-վրացական հարաբերություններում, վաղուց գրավել են Արևմուտքի ուշադրությունը, և Արևմուտքը փորձում է փոխել խաղի ուղղությունը, և ժամանակի ընթացքում զարգացումներն էլ ավելի են ինտենսիվանալու»,- մեկնաբանեց Եվսեևը: