Բաժիններ՝

Հայաստանի ու Լեհաստանի տնտեսական զարգացման հեռանկարները. համատեղ ուսումնասիրություն

Օրբելի վերլուծական կենտրոնի և Վարշավայի ձեռներեցության ինստիտուտի (WEI) հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն հայ-լեհական տնտեսական կապերի և զարգացման հեռանկաների շուրջ։

Վարշավայի ձեռներեցության ինստիտուտը հանդես է գալիս «State of Play» նոր հրապարակումների շարքով՝ համագործակցելով Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների հետ: Օրբելի վերլուծական կենտրոնի համագործակցությամբ ընթացիկ տարվա մարտի 6-ին հրապարակվել է «State of Play. Armenia-Poland» խորագրով հետազոտական աշխատանքը, որն արտացոլում է Հայաստանի տնտեսական զարգացումները, հայ-լեհական առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև զբոսաշրջության տեմպերն ու միգրացիայի մակարդակը՝ վեր հանելով երկկողմ տնտեսական զարգացման ներուժը, հեռանկարները և համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

«Տնտեսական հարաբերությունները Լեհաստանի և Հայաստանի միջև առանձնապես զարգացած չեն: Այնուամենայնիվ, երկու երկրներն էլ կարևոր դերակատարություն ունեն իրենց տարածաշրջանում: Մյուս կողմից, Լեհաստանը Եվրոպայի խոշորագույն տնտեսություններից մեկն է, ուստի պետք է նոր առևտրային գործընկերներ փնտրի տնտեսության հետագա զարգացման համար»,- այս մասին հայտնել է Վարշավայի ձեռներեցության ինստիտուտի փորձագետ Շիմոն Վիտկովսկին (Szymon Witkowski):

Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը, ներկայացնելով Հայաստան-Լեհաստան առևտրաշրջանառության ծավալների դինամիկան, ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները թույլ են, սակայն ընդհանուր առմամբ, տարեցտարի դրանք ունեցել են աճի միտում և ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում երկրները կարողացել են նվազեցնել տնտեսական ռիսկերի առաջացումը:

«Հայաստանն ավելի շատ Լեհաստանից ներմուծել, քան արտահանել է ապրանքներ ու ծառայություններ և, լինելով փոքր բաց տնտեսությամբ երկիր, իր պատմության ողջ ընթացքում ունեցել է առևտրային հաշվեկռի բացասական մնացորդ: Միաժամանակ, երկու երկրներում առկա է առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու և զարգացնելու պոտենցիալ»,- նշել է Մերի Բոյաջյանը:

Փորձագետի պնդմամբ՝ Լեհաստանի և ՀՀ-ի տնտեսական կապերի, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավման համատեքստում կարևորվում է նաև 2022թ.-ի հունիսի 28-ին Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայկական ֆոնդային բորսայի շուրջ 65% բաժնետոմսերի ձեռքբերման համաձայնագրի կնքումը, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Լեհաստանի միջև կապիտալի շուկայում համագործակցության համար։

«Ինչ վերաբերում է երկու երկրների համագործակցությանը զբոսաշրջության ոլորտում, ապա, չնայած վերջին տարիներին ՀՀ-ում Լեհաստանից զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, Հայաստանը շարունակում է լեհ զբոսաշրջիկների համար լինել ոչ հայտնի զբոսաշրջային ուղղություն»,- նկատում է Մերի Բոյաջյանը:

Օրբելի վերլուծական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Գևորգ Առաքելյանի դիտարկմամբ՝ Լեհաստանի և Հայաստանի համագործակցությունը հնարավոր է մի քանի ոլորտներում, ներառյալ ՏՏ/ՏՀՏ ոլորտը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը, որին կարող են աջակցել ՀՀ-ում առկա էժան և որակյալ աշխատուժը, նպաստավոր եղանակային պայմանները, աշխարհագրական դիրքը:

Հետազոտությունը լավ հիմք է երկու երկրների վերլուծական կենտրոնների հետագա համագործակցության համար։ Հաշվի առնելով Լեհաստանում գործարար համայնքի մեծ հետաքրքրությունները հայաստանյան շուկայի վերաբերյալ` Վարշավայի ձեռներեցության ինստիտուտը սույն հետազոտությունը կտրամադրի Lեհաստանում գործարար համայնքի ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին։

Նախագծի ղեկավարներն են Վարշավայի ձեռներեցության ինստիտուտի փոխնախագահ Սեբաստիան Ստոդոլակը և Օրբելի վերլուծական կենտրոնի տնտեսական հետազոտությունների ղեկավար Մերի Հովսեփյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս