«Թուրքը չի կարող մեզ այստեղից հանել, եթե մենք չուզենք, ով ինչ պայմանագիր ուզում է՝ ստորագրի». Արսեն Հայրապետով
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության բազմաթիվ համայնքներ անցան թշնամի Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով մի քանի տասնյակ հազար արցախցիներ տեղահանվեցին:
Չնայած մարդկային և տարածքային մեծ կորուստներին և թշամու կողմից մինչ օրս իրականացվող սադրանքներին, արցախցիները շարունակում են ամուր կանգնել իրենց հողում և շենացնել այն:
Պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած 4 համայնքների՝ Ջրաղացների, Սղնախի, Մոշխմհատի և Մադաթաշենի բնակիչները վերաբնակեցվել են Ասկերանի շրջանի Պատարա և Աստղաշեն համայնքների հարևանությամբ կառուցվող նոր համայնքում:
Ջրաղացներ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր կառուցվող համայնքը դեռ անուն չունի, ժամանակավոր «Նոր գյուղ» են ասում, բայց ունեն տարբերակ, որն առաջիկայում կներկայացնեն Կառավարությանը:
«Այս պահին չեմ ուզում հանրայնացնել անունը: Նոր կառուցվող համայնքում տների շինարարական աշխատանքները սկսել ենք դեռ 2021 թվականին: 4 համայնքների ընտանիքների ընդհանուր թիվը 149 էր, որի հիման վրա էլ որոշվել է, որ 149 տուն պետք է կառուցվի: Այդ ժամանակ այդ ընտանիքների մեջ ընդգրկել էինք նաև պատերազմում զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին, բայց քանի որ նրանք նախընտրել են Ստեփանակերտում տներ վերցնել, այստեղ ընտանիքների քանակը նվազել է: Բացի այդ, այն ժամանակ մենք հաշվառել ենք նաև 1 հոգանոց ընտանիքները, հիմա Կառավարության որոշումով այդ ընտանիքներին դեռ տներով չեն ապահովում, կարգ ունեն, որ պետք է շենք սարքեն և 1 հոգանոց ընտանիքներին այդ շենքում տեղավորեն:
Փաստացի այս համայնքում 149 ընտանիքի փոխարեն՝ 97 ընտանիք է բնակվելու: Այս պահին կառուցված է 105 տուն, մի տեղ կոսմետիկ վերանորոգում է ընթանում, մի տեղ ավարտական փուլն է: Չնայած ընտանիքների թիվը նվազել է, մենք շարունակում ենք տների կառուցումը և 149 տունն էլ կառուցելու ենք: Մեր 4 համայնքների բնակիչներին տեղավորելուց հետո, համայնքում կտեղավորենք նաև Արցախի այլ շրջաններից տեղահանված ընտանիքներին՝ Հադրութից և այլ համայնքներից: Նշեմ, որ ֆինանսավորումն արվում է Արցախի Հանրապետության կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից»:
Արսեն Հայրապետովն ասաց, որ այս պահին համայնքում 2 հիմնական խնդիր կա՝ գազի և խմելու ջրի առկայությունը, բայց այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում.
«Գազի խողովակներն անցկացված է տներում, բայց դեռ գազ չկա, ընդհանուր մագիստրալը միացված չէ, նույնն էլ՝ խմելու ջուրը, մոնտաժն արված է, ջուրը մտցրել ենք համայնք, բայց տներում դեռ չկա, պետք է հաշվիչներ տեղադրվեն, որից հետո այս խնդիրները ևս կլուծվեն»:
Արսեն Հայրապետովն ասաց, որ համայնքում արդեն տրվել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, բնակիչներն իրենց 4 համայնքների ղեկավարներին են ներկայացնում անհրաժեշտ սերմերի ու պարագաների ցանկը, որպեսզի սկսեն գարնանացանը.
«Գյուղատնտեսական աշխատանքների առաջին փուլը համատարած սկսվել է: Գարնանացանի վերաբերյալ մշակաբույսերի, սերմերի պահանջարկը բնակիչները ներկայացնում են մեզ, մենք էլ ըստ կարգի՝ ներկայացնելու ենք գյուղնախարարությանը կամ գյուղի աջակցության հիմնադրամին»:
Մարդկանց մոտ ի՞նչ տրամադրություններ են, ի՞նչ խնդիրների մասին են բարձրաձայնում թեկուզ հենց ձեզ հետ շփումներում, հարցրեցինք Արսեն Հայրապետովին.
«Կանայք և երեխամները հիմնականում աննդի պակասության մասին են խոսում, մասնավորապես՝ միրգ-բանջարեղեն: Ճիշտն ասած՝ կտրոնային համակարգը, որը նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ժամանակ մշակվեց, շատ արդյունավետ է, քաղաքացիները մեղմ ձևով շրջափակումը հաղթահարեցին ու դեռ հաղթահարում են:
Մենք ունենք տեղահանվածներ, որ երկրորդ անգամ են տեղահանվել, բայց նրանց հետ շփվելուց տեսնում եմ, որ հույս ու հավատ ունեն, որ դեռ ապրելու ենք Արցախում, և ընդհանրապես այս հողի տերը մենք ենք և մենք էլ ապրելու ենք, հազարավոր տարիներ մենք ենք այստեղ ապրել, Արցախի տերը մե՛նք ենք: Այդ մտածելակերպով ու գաղափարով շարունակում ենք ապրել այստեղ, անկախ շրջափակումից, վառելիքի ու սննդի պակասությունից կամ ադրբեջանցիների կողմից պարբերաբար արձակվող կրակոցներից: Արցախցուն այս հողից կտրել հնարավոր չի, քանի որ մենք այստեղ 5000 զոհ ունենք վերջին պատերազմում, 100-ից ավելի զոհ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, 5000 զոհ՝ առաջին պատերազմում, մի մեծ քաղաքի մարդիկ ունենք այստեղ, որոնք մեր եղբայրական գերեզմանոցում են:
Այս հերոսներին պետք է տեր կանգնենք, չէ՞, տեր կանգնողներն էլ մենք ենք, հենց նույն չարչարվող, շրջափակման մեջ գտնվող, վառելիքի պակաս ունեցող, ձեթ ու շաքարավազի պակաս ունեցող մարդիկ ենք: Նեղ օրեր են, լեն օր էլ է գալու, հո սենց չե՞նք մնալու, հարցի լուծումը տրվելու է, այսօր չլինի, վաղը կլինի»:
Արսեն Հայրապետովն անդրադարձավ նաև թշնամու կողմից վերջին օրերին հրաձգային զինատեսակներից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ կրակոցներին.
«Ադրբեջանցիները շարունակում են իրենց նույն գործելաոճը՝ ամեն ինչ անել, որպեսզի արցախցին իր տնից հեռանա, լքի Արցախը, Արցախն իրենց պետք է առանց հայերի: Բայց մենք երեկվա, այսօրվա, գուցե վաղվա կրակոցների տակ գարնանացան աշխատանքներ ենք կատարում, տնամերձ հողամասերն ենք մշակում, ի՞նչ նպատակով ենք անում, մինիմում 6 ամսվա ժամանակահատված է, չէ՞, որ բերքը ցանես, հետո հավաքես, այսինքն՝ այստեղից դուրս գալու մտադրություն չունենք: Ադրբեջանցին մտածում է՝ եթե ցանք ենք անում, ուրեմն դեռ հույս ունենք, որ այստեղ ենք մնալու…
Ես մի բան կավելացնեմ, ինչ ուզում է լինի, ոնց ուզում է լինի, մենք այսօր մեր սերունդների համար հող ենք նախապատրաստում՝ Արցախը ընդմիշտ, հավերժ թողնել հայկական: Այսօր թե բահով, թե մալայով, թե վարուցանք անելով, մենք ապագա սերնդի համար նախապայման ենք ստեղծում, հող ենք պատրաստում Արցախի հարցի՝ ի օգուտ հայերի լուծման համար: Ինչո՞վ ենք անելու, ո՞նց ենք անելու, առաջին հերթին՝ այստեղ մնալով, մնացածն էլ ըստ հերթականության գնալու է: Թուրքը չի՛ կարող մեզ այստեղից հանել, եթե մենք չուզենք, ով ուզում է՝ լինի, ինչ պայմանագիր ուզում են՝ ստորագրեն, ով ուզում է՝ ստորագրի, իշխանությունը գալու է, գնա, բայց ժողովուրդը, մեկ է, այս հողի վրա է, այս հողը մերն է, չի կարող իր հողը, իր տունը սիրող մարդուն հարևանը գա՝ հանի…»: