Հունաստանում գնացքների ողբերգական բախման առնչությամբ 1 անձ է ձերբակալվել

Հունաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից հետո զոհերի թիվը կարող է ավելանալ, հաղորդել է հրշեջ ծառայությունը: Առայժմ իշխանությունները հայտնել են 36 զոհի մասին: 72 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում է BBC-ին:

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով:

Կայարանի հսկիչը, որը պատասխանատու է ազդանշաններ տալու համար, հերքել է իր կողմից սխալը և նշել, որ վթարն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:

Քննիչները փորձում են պարզել, թե ինչու են երկու գնացքները գտնվել նույն ռելսուղու վրա:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այցելել է դեպքի վայր և խոստացել պարզել տեղի ունեցածի պատճառները: Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին, կեսգիշերից քիչ առաջ, Տեմպե քաղաքի մերձակայքում՝ Լարիսա քաղաքից ոչ հեռու: Բախման հետևանքով մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից, առնվազն 3 վագոնում հրդեհ է բռնկվել: Ըստ իշխանությունների՝ Աթենք-Սալոնիկ գնացքի ուղևորները հիմնականում համալսարանի ուսանողներ էին, որոնք արձակուրդից տուն էին վերադառնում:

Տեսանյութեր

Լրահոս