Հայ-ադրբեջանական ուղիղ շփումները, որոնց նպատակը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, արագացվում են Արևմուտքի կողմից. Սկակով
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարեց, որ ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները։ Ըստ նրա, հայկական կողմի առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին, այսինքն` առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը ՀՀ առաջարկներով, փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահողներին։
Փաշինյանի խոսքով` նախագծի վրա աշխատում են հետևյալ տրամաբանությամբ` ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել։
Նա նշեց, թե հասկանալի է` փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և հույս ունեն, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։
«Մեր տեսլականը հետևյալն է` փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերափոխվի պատերազմի` արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, ինչը հնարավոր է, այլ հակառակը, իսկապես տևական խաղաղություն նշանակի»,- նշեց Փաշինյանը:
Նաև հավելեց, որ խաղաղության հաստատման այս պայմանագիրը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա. այսպիսի պայմանագիր ունենալն օր առաջ իր և կառավարության հանձնառությունն է։ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստ է վերցնել և կրել նման պատասխանատվություն։
Ուշագրավ է այս հայտարարության ժամանակահատվածը, որը, փաստորեն, համընկնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ նախօրեին Թուրքիա կատարած այցի հետ, որտեղ ամենայն հավանականությամբ սա ներկայացվել է, և ներկայացվել է, որպես արդյունք, որին սպասում է թուրքական կողմը հայ-թուրքական սահմանը բացելու կոնտեքստում: Չնայած թուրքական նախապայմանները երկուսն են՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրում և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք:
Հարկ է նաև նշել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Հայտնի է, որ Մյունխեն Ադրբեջանից մեկնելու է Իլհամ Ալիևը: Թեև պաշտոնական որևէ հաստատում և խոսակցություն չկա Մյունխենում Փաշինյան-Ալիև հնարավոր շփման վերաբերյալ, սակայն այն բացառել չի կարելի հատկապես առաջարկների փոխանակման ներկայիս փուլում:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ հայ-ադրբեջանական ուղիղ շփումները, որոնց նպատակը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, արագացվում են Արևմուտքի կողմից Ռուսաստանի պատճառով: Ի դեպ, նրա խոսքով, խթանվում են այն ձևաչափով, որ դրանցում հնարավորինս քիչ լինի ՌԴ մասնակցությունը:
Ռուսաստանում, ըստ վերլուծաբանի, որոշում կայացնողները կարծես վստահություն ունեն, որ համաձայնությունները հեշտ չեն լինելու, ուստի ավելի հանգիստ են արձագանքում իրադարձություններին:
«Այնուամենայնիվ ռուսական կողմը նաև աշխատում է, վերջերս Հարավային Կովկասում էր Իգոր Խովաևը, Ռուսաստանն առաջարկում է հանդիպում կազմակերպել, սակայն ռուսական միջնորդությունը մեծ արևմտյան դիմադրության է արժանանում մեծ գործիքակազմի կիրառմամբ»,- ասաց Սկակովը՝ հավելելով, որ այս ամենի փոխկապակցվածությունը կա հայ-թուրքական հարաբերությունների հետ: Նրա կարծիքով, հայկական կողմը կցանկանար, որպեսզի հայ-թուրքական սահմանն ավելի վաղ բացվեր ու ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները լիովին անկախ լինեին Խաղաղության համաձայնագրի բանակցություններից, սակայն դա չի հաջողվում, ուստի ստացվում է, որ այս երկու գործընթացները զուգահեռ են շարժվում և հայ-թուրքական գործընթացում բեկում չի մտնում, քանի չկա հայ-ադրբեջանական բեկում:
Սկակովի դիտարկմամբ՝ չի բացառվում հանդիպում Մյունխենում՝ թեկուզ ոչ պաշտոնական ձևաչափով:
«Հիշում ենք, մի քանի տարի առաջ նման փորձ եղավ հենց մյունխենյան հարթակում, և կարծում եմ՝ նման հնարավորությունն Արևմուտքը բաց չի թողնի, որն այս պահին կենտրոնացած է Հայաստան-Ադրբեջան գործընթացն Արևմուտքի հովանու ներքո շարունակելու հարցի վրա: Ռեգիոնալ միտումներն այն տրամաբանությամբ են, որ Արևմուտքին հաջողվում են փոքր ձեռքբերումներ Ռուսաստանի զբաղվածության ու ներկայումս ոչ մի ռեգիոնում ոչ մի բան չփոխելու ցանկության պատճառով, բայց պետք է նաև ֆիքսել, որ Ռուսաստանը ոչ մի տեղ չի հեռացել նույնիսկ այս իրավիճակում ու չի պատրաստվում անել նման բան»,- ասաց նա:
Խոսելով ՀՀ ԱԳ նախարարի Թուրքիա կատարած այցի մասին՝ Սկակովն ասաց, որ այցը, և, ընդհանուր առմամբ, Հայաստանի քայլերը պետք է ընկալել այն տրամաբանությամբ, որ հայկական կողմը ցանկանում է տարանջատել այս երկու գործընթացները, այդ պատճառով Թուրքիային ընդառաջ քայլեր են արվում: