«Ցնցում» Երևանի կամերային թատրոնի բեմում՝ 30-ականները «Fe-Show»-ում
Երևանի կամերային թատրոնը հայ հանդիսատեսի դատին հանձնեց «Fe-Show»՝ «Ֆերում շոու» ներկայացումը, և խոստացան ամբողջ փետրվար ամսվա ընթացքում «ցնցել» հանդիսատեսին 1930-ականների երաժշտությամբ, երգով ու պարով, հումորով, սիրով ու բարձր տրամադրությամբ։ Մի խոսքով, ստեղծել 30-ականների մթնոլորտը, բայց նոր մոտեցմամբ՝ «Fe-Show» ոչ սովորական ներկայացումը ոչ թե թատրոնի դահլիճում էր բեմադրվել, այլ թատրոնի պատկերասրահում։
Մտահղացման հեղինակներն են՝ թատրոնի բեմադրիչ Լուսինե Երնջակյանը և բեմադրող ռեժիսոր, դերասան Սենիկ Բարսեղյանը։
Իսկ ինչո՞ւ վերադարձ դեպի 1930-ականներ, ինչի՞ց ծագեց այդ գաղափարը: Պարզվում է, գաղափարի մեխը Կամերային թատրոնի անձնակազմի ֆանտաստիկ բնավորությունն է, կարելի է ասել՝ պրպտող ու ստեղծագործող միտքը:
168.am-ի հետ զրույցում Լուսինե Երնջակյանն ասաց, որ իրենք կարողանում են բոլոր թերությունները վերափոխել առավելությունների։
«Ստացվել էր այնպես, որ մեկ ամիս դահլիճի վերանորոգման պատճառով մատնվել էինք անգործության, ինչը մեզ համար մահանալու չափ անհնարին մի բան է, մտածեցինք, որ ոչ՝ այսպես չի լինի, պետք է մի բան անենք։ Շատ արագ գաղափար առաջացավ վերափոխել այս ցուցասրահը և այստեղ ներկայանալ։ Երկար փնտրտուքներից հետո որոշեցինք հանդիսատեսին ներկայացնել երաժշտական, թեթև ներկայացում, որովհետև հանդիսատեսը սեղանների շուրջ է նստելու, մթնոլորտն այլ է, հետևաբար՝ թեթև ժանրի ներկայացումն ավելի հաճելի կլինի»,- ասաց Լուսինե Երնջակյանը։
«Fe-Show»-ն իր ձևաչափով առաջին ներկայացումը չէ, նման փորձ էլի են ունեցել, ասաց Լուսինե Երնջակյանը: Այդ ժամանակ էլ դժվարության պատճառը կորոնավիրուսն էր, երբ ստիպված էին երկար ժամանակ կորոնավիրուսի սահմանափակումներից հետո բացօթյա դահլիճում խաղալ: Այդ ժամանակ էլ գաղափարն արժանացել էր հանդիսատեսի հավանությանն ու ջերմ ընդունելությանը։ Այս անգամ էլ շատ են աշխատել, որպեսզի հանդիսատեսը գոհ մնա.
«Բառիս բուն իմաստով դերասանները 3 գիշեր չեն քնել, այստեղ ենք տեղափոխել թատրոնի տեխնիկան ու դրան զուգահեռ՝ փորձեր ենք կատարել։ Կարճ ժամկետում նման ներկայացում ցուցադրելը շատ դժվար էր։ Քանի որ առաջիկայում կանանց, սիրո տոներն են, որոշեցինք այս ներկայացումը նվիրել կանանց՝ նրանց մեծարել, նրանց մասին ևս մեկ անգամ խոսել, դրա համար ներկայացման մեջ տղաները մեծարում են կանանց, նրանց շռայլում գեղեցիկ խոսքեր։ Ի սկզբանե որոշել էինք ընտրել մի դարաշրջան, որպեսզի ավելի հետաքրքիր ձևաչափով ներկայանանք հանդիսատեսին, և ընտրեցինք 30-ականները, այդ թվականներին բնորոշ պատրաստել ենք գեղեցիկ աքսեսուարներ, որոնք տրամադրում ենք հանդիսատեսին, որպեսզի նա ավելի լավ զգա այդ դարաշրջանի շունչը»։
Եվ դա նրանց հաջողվել էր, իհարկե, ես չէի կարող իմանալ, թե անցյալ դարի 30-ականներին ինչ մթնոլորտ ու սովորություններ են եղել, բայց դահլիճում հանդիսատեսների մեջ կային մարդիկ, որոնք ոչ միայն հիշում էին, այլ նաև այդ ժամանակների մոդային հատուկ հագուստներով ու գլխարկներով էին եկել: Անգամ նրանցից մեկն էլ մրցանակի արժանացավ՝ թագուհու:
«Fe-Show» ներկայացումն այն խենթ ու խելառ գաղափարների շարքին է դասվում, որ սովորաբար իրականացնում է Կամերային թատրոնը՝ ֆիլմերի նկարահանումներ, պատկերասրահում ցուցահանդեսներ, տեսահոլովակների նկարահանում և այլն։
Կեսկատակ-կեսլուրջ Լուսինե Երնջակյանն առաջարկում է՝ կանայք պետք է տղամարդկանց ձեռքից բռնեն և բերեն «Fe-Show»։
Բեմադրող ռեժիսոր Սենիկ Բարսեղյանն էլ ասաց, որ թատրոնը պարբերաբար անդրադառնում է տարբեր ժամանակահատվածների, երբ խոսքը վերաբերում է մյուզիքլային ժանրին։ Իսկ «Fe-Show»-ն ամենագունեղ ներկայացումներից է, որով հանդիսատեսին երկու ժամով կարող են կտրել առօրյա հոգսերից։
«Եթե այս ամենը մեզ մոտ ստացվում է, ուրեմն՝ լավ է, քանի որ մեր առօրյան դժվար է, բարդ։ Համարներն առանձնահատուկ ու նորովի մեկնաբանությամբ ենք ներկայացնելու։
Մենք հիմնականում անդրադարձել ենք ժանրի այս տեսակին, որովհետև նախ՝ այն իր մեջ կրում է 30-40-ականների եռուզեռը, ինքս փորձել եմ հանդիսատեսին փոխանցել այդ ժամանակա խորեգրաֆիան, վոկալը, տրամադրությունները, կին-տղամարդ փոխհարաբերությունները և այլն։ Կարծում եմ՝ արդյունքում հետաքրքիր բան է ստացվել, այնպես որ, հանդիսատեսը կկարողանա կտրվել առօրյա հոգսերից»,- ասաց Սենիկ Բարսեղյանը։
Մինչև «Fe-Show»-ի առաջնախաղը տեղի էր ունեցել ներկայացման փակ դիտում և դերասանուհի Անի Լուպեն, չնայած փորձառությանը, այդուամենայնիվ ասաց, որ փակ դիտումների ժամանակ բեմում խաղալը շատ ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում՝ հանդիսականները պրոֆեսիոնալներ են, թատրոնի մարդկանց դեպքում բարդ է, որովհետև որևէ կիքս չի կարող նրանց սուր աչքից վրիպել։
«Մեր թատրոնում միշտ էլ մթնոլորտը մտերմիկ է, դահլիճը փոքր է և տարածքը որքան փոքրանում է, մեզ այնքան լավ ենք զգում։ Իհարկե, սա չի նշանակում, որ ուզում եմ դահլիճը փոքրանա, այլ՝ սրանով ընդգծում եմ մեր ու հանդիսատեսի ունեցած կապը։ Օրինակ, երբ բեմում ես, հանդիսատեսից էներգիան անմիջապես գալիս է քեզ։ Մեծ ու փոքր դահլիճներում ուղղակի սովորում ենք մուտքերը, իսկ ընդհանուր տրամադրությունը դրանից չի փոխվում»,- այսպես գնահատեց Կամերային թատրոնի փոքր դահլիճի մթնոլորտը Անի Լուպեն։