Միգուցե Գրիգոր Մինասյանը մի կարգապահական վարույթ էլ Կարեն Անդրեասյանի վերաբերյա՞լ հարուցի, թե՞ Բանգալորյան սկզբունքները մտերիմների համար չեն
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։
Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Այսօր դատավորի ներկայացուցիչները հրապարակեցին Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունն ամբողջությամբ։
Միջնորդության բովանդակային կողմին չենք անդրադառնա. Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչներ Ռուբեն Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը դա կանեն լավագույնս և հրապարակային կերպով, բայց երբ ուսումնասիրում էինք միջնորդությունը, հաճելիորեն զարմացանք: Պարզվում է՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղյակ է Բանգալորյան սկզբունքների մասին և դատավոր Նախշքարյանին կարգապահական միջնորդության ենթարկելու միջնորդության 6-7 էջերում հղում է տվել դրանց:
Ըստ այդ սկզբունքների 2.4-րդ կետի՝ դատավորը պետք է ձեռնպահ մնա մինչև գործի քննությունը ցանկացած մեկնաբանություն անելուց:
«Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ ընդհանուր առմամբ, որպես խոհեմության կանոն, դատավորը չպետքէ ավելորդ բանավեճի մեջ մտնի դատարանի՝ նախկինում կայացրած որոշումների շուրջ, հատկապես եթե դա կարող է դիտվել վճռում հրապարակված պատճառաբանություններին ավելացում կատարելու փորձ»,- գրված է նախարարի միջնորդության մեջ:
Թե որքանո՞վ սա կօգնի Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգին, բարդ է ասել. դրա պատասխանը մենք, ինչ խոսք, կտեսնենք նիստի ընթացքում: Եվ բացի դրանից, անհասկանալի է 2.4 կետի մեջբերումը, որովհետև Զարուհի Նախշքարյանն իր հարցազրույցները տվել ու ֆեյսբուքյան գրառումը կատարել է Աննա Փիլոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունից հետո:
Հիշեցնենք, որ ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։
Բայց այստեղ մի փո՜քր մանրուք կա, որ Գրիգոր Մինասյանը հաշվի չի առել: Բանգալորյան սկզբունքները ուրիշ բան էլ են արգելում: Օրինակ, ԲԴԽ նախագահին արգելում են հարսանիք գնալ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ, մտերմիկ շփվել, հրապարակային լուսանկարներ ունենալ, ինչն արել է իր երկարամյա գործընկերը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
168.am-ն այդ մասին հրապարակում կատարել էր 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ փաշինյանական «էլիտայի»՝ «Դվին» ռեստորանային համալիրում հարսանիքից հետո: Վայոց ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանն էր ամուսնանում՝ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո, ողջ ՔՊ-ական իշխանության ներկայությամբ ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քավորությամբ:
ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի կինն այդ հարսանիքից լուսանկար էր հրապարակել, որում երջանիկ ու անհոգ ժպտում էին նաև Ալեն Սիմոնյանն ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն ու վերջինիս կինը:
Հետաքրքիր է՝ իսկ այդ լուսանկարի հրապարակումից առաջ կամ հետո ԲԴԽ նախագահ, իրեն իրավաբան-գիտնական համարող Կարեն Անդրեասյանը տեղյակ եղե՞լ է արդյոք դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներից և դրա հավելվածից՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A(XXI) բանաձևով հաստատված «Դատավոր-ների վարքագծի Բանգալորյան սկզբունքներից:
Բանգալորյան սկզբունքները, իհարկե, նպատակ ունեն սահմանելու դատավորի վարքագծի չափանիշները, դատավորի համար ծառայում են որպես ուղենիշ և հնարավորություն են տալիս դատական մարմիններին կարգավորել դատավորների վարքագիծը: Իսկ սկզբունքներն ու մեկնաբանություններն անփոփոխելի են:
Ըստ դրանց՝ Դատավորը պարտավոր է զերծ մնալ օրենսդիր և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից և անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ:
Ի դժբախտություն Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը շեշտում է, որ դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց, ինչպես նաև դատարանի աշխատակազմի համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան: Այնպես որ, միգուցե արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մի կարգապահական վարույթ էլ Կարեն Անդրեասյանի վերաբերյա՞լ նախաձեռնի, թե՞ Բանգալորյան սկզբունքները մտերիմներին չեն վերաբերում, և դրանք միայն Զարուհի Նախշքարյանի ու իշխանությունների դուդուկի տակ չպարող այլ դատավորների համար են:
Եվ վերջում՝ արդեն 2-րդ անգամ (Առաջին անգամ՝ դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ միջնորդության մեջ) արդարադատության նախարարը թաքնվում է իր խոսնակի հետևում՝ որպես ենթադրյալ կարգապահական խախտման փաստի վերաբերյալ զեկուցագիր ներկայացնող: Խոսնակը զեկուցագիր ներկայացնող չէ, ոչ էլ ենթադրյալ խախտման փաստը ստուգելու ցուցում տվող է: Մի հրապարակեք Մարիամ Մելքումյանի անունը, մի թաքնվեք կնոջ հետևում ու մի թիրախավորեք նրան: Դժվար թե նա ձեր անձնական քինախնդրության ու քաղաքական ճղճիմ վրեժխնդրության շահառուն լինի: