ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը
Միջազգային իրավունքի մասնագետ Ջոֆրի Ռոբերտսոնը The Independent-ում հոդված է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով:
Ջոֆրի Ռոբերտսոնը հոդվածը սկսել է հետևյալ կերպ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Չինաստանը կարող են կանգնեցնել ավտորիտար Ադրբեջանին, որը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ 120 հազար բնակիչներին սովամահ անելու նպատակով:
Հոդվածագիրը շեշտել է, որ շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է և հակասում է մի շարք պայմանագրերի, սակայն ադրբեջանցիները երկու ամիս է, ինչ շրջափակել են և դեռ շարունակում են շրջափակումը: Նշվում է, որ Լաչինի միջանցքը կենսական օղակ է՝ Ղարաբաղի հայերին ամեն օր 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու, ինչպես նաև քաղաքացիների, դպրոցականների և շտապօգնության մեքենաների շարժի համար:
«Իհարկե, դա ավելի արագ կլիներ օդային փոխադրման ճանապարհով, սակայն Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է խոցել ցանկացած մարդատար կամ բեռնատար ինքնաթիռ, որը կփորձի վայրէջք կատարել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում: Երկիրը Ադրբեջանի և պատմության գերին է. այն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով, որոնք հայտնի են իրենց վաղ քրիստոնեական եկեղեցիներով և յուրահատուկ գորգերով: 19-րդ դարում այն օկուպացվել է Ռուսաստանի կողմից, իսկ 1921 թվականին Ստալինը կամայականորեն և սխալ կերպով այս քրիստոնեական անկլավը ներառել է մահմեդական Ադրբեջանի կազմում՝ որպես անկախ շրջան։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԼՂ ժողովուրդը անկախություն է պահանջել և պատերազմ մղել դրան հասնելու համար»,-ասված է հոդվածում:
Ջոֆրի Ռոբերտսոնը նկատել է՝ հաղթանակից հետո հայերը հարաբերական խաղաղություն են ունեցել, մինչև 2020 թվականին Ադրբեջանը հարձակվել է: Նա նշել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին:
«Համաձայնագիրը երաշխավորվեց Ռուսաստանի կողմից: ՌԴ-ն հատկացրեց 2000 «խաղաղապահի»՝ միջանցքը վերահսկելու , բայց նրանք ապացուցեցին, որ չեն կարող կամ գուցե չեն ցանկանում ցրել միջանցքը փակած ինքնակոչ «բնապահպան ակտիվիստներին», որոնց խրախուսում է Ադրբեջանի կառավարությունը, որն ընդհանրապես արգելում է ցույցերը և բանտարկում ցուցարարներին»,-նշված է հոդվածում:
Հոդվածագիրը նկատել է, որ «ցուցարարներից» շատերը դաջվածքներ ունեն, որը ապացուցում է, որ դրանք «Գորշ գայլեր»-ի անդամ են:
Շեշտվում է, որ «ցուցարարները» խրախուսվում են բռնապետ Իլհամ Ալիևի կողմից: Հոդվածագիրը հիշեցնում է նաև դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ու անդամների պահանջի մասին: Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միայն ուշացումով է կապ հաստատել ադրբեջանցի գործընկերոջ հետ և հորդորել ցրել ցույցը՝ հավելելով, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո ՌԴ-ն ազդեցությունը կորցրել է: