Արարատ Միրզոյանի բրյուսելյան այցի «փուչիկը». Ի՞նչ գլոբալ օրակարգ ունեին Միրզոյանի կիսափակ հանդիպումները
ՀՀ արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով հետևողականորեն տապալած և դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնված հայաստանյան իշխանությունները ժամանակ առ ժամանակ փորձում են արտաքին քաղաքական հաջողություններ և հագեցած օտարերկրյա այցերի դեմոնստրացիա իրականացնել:
Ի դեպ, ուշագրավ է, որ վերջին շրջանում ՀՀ ԱԳ նախարարը բաց չի թողնում դեպի արևմտյան երկրներ այցի որևէ հնարավորություն՝ զուգահեռաբար մերժելով հանդիպումների ՌԴ առաջարկները:
Այդպիսի վերջին այցերից էր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի եռօրյա աշխատանքային այցը Բրյուսել, որն օրեր առաջ մեծ շուքով ներկայացվեց ՀՀ ԱԳ նախարարության կողմից:
Այս այցը փորձագիտական և քաղաքական շրջանակների ուշադրությունը գրավեց հենց սկզբից, քանի որ հայտարարվեց Բրյուսելում սպասվող հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Միրզոյանի բրյուսելյան այցի օրակարգում էին նաև հանդիպումներ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ:
Մանրամասնորեն վերլուծելով այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների քանակը, օրակարգն ու քննարկումների բովանդակությունը՝ կարելի է ասել, որ այն հեշտությամբ կարող էր տեղավորվել ամենաշատը 1-2 օրվա մեջ, և տպավորություն է, որ խնդիր էր դրված ուռճացնել այցի օրակարգը:
Նախ նշենք, որ Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ, ինչպես նաև ունեցել ելույթ ու հարցուպատասխան Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում:
Այս ամենը ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է երեք առանձին հաղորդագրություններով: Դիվանագիտական այցերի արարողակարգին ծանոթ գործիչները կփաստեն, որ սովորաբար մեկ կառույցի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումները, այդ կառույցում ելույթները, հանդիպումները ներկայացվում են մեկ հաղորդագրությամբ, հատկապես, երբ այդ հանդիպումների մակարդակը ամենևին չի համապատասխանում ՀՀ ԱԳ նախարարի մակարդակին:
Սակայն այս դեպքում արտգործնախարարությունը խնդիր ուներ հագեցնել, լցնել եռօրյա այցի օրակարգը բովանդակությամբ և հնարավորինս շատ հանդիպումներով՝ անկախ նրանից, թե ում է հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողը:
Առանձին վերլուծության թեմա է Միրզոյանի ելույթը և քննարկումը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում:
Ի դեպ, հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ Միրզոյանի՝ ՀՀ շահերի հետ ոչ մի առնչություն չունեցող ելույթը ներկայացվել է առանձին հաղորդագրությամբ, սակայն քննարկումը վարվել է փակ ռեժիմով:
168.am-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ, հայկական կողմն է հանդես եկել նման խնդրանքով, որպեսզի քննարկումից որևէ մանրամասնություն չհրապարակվի: Թերևս, կարելի է ենթադրել, որ Միրզոյանը Եվրախորհրդարանում որոշել է լիովին անկեղծանալ ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական նախընտրությունների և Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, գործընթացի, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իշխանական պլանների շուրջ: Իսկ Միրզոյանի ելույթում Արցախյան հարցի քաղաքական կարգավորումը հավասարեցված է բացառապես մարդասիրական խնդրի, որևէ խոսք չկա հակամարտության քաղաքական կարգավորման, ՀՀ անելիքների մասին այդ հարցում:
Ավելին՝ Միրզոյանն առաջին անգամ ԵԽ-ում պաշտոնապես խոստովանեց, որ ընդունել են Ադրբեջանի առաջարկը՝ առանձնացնելու Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, գործընթացը ԼՂ հակամարտության կարգավորման հարցից, սակայն նույնիսկ այդ իրավիճակում չի հաջողվել Ադրբեջանի հետ համաձայնության գալ:
Հարկ է նշել, որ այս «գերհագեցած» այցի ընթացքում Միրզոյանը հանդիպել է նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, ով ընդամենը մի քանի օր առաջ էր այցելել Երևան և Բաքու, ու պարտադիր չէր հասնել Բրյուսել՝ Կլաարին հանդիպելու նպատակով, քանի որ Կլաարը ԵՄ-ից Երևան ամենահաճախ այցելող պաշտոնյան է, ով համակարգում է Հայաստան-Ադրբեջան գործընթացի ԵՄ միջնորդությունը և գրեթե ամեն ամիս այցելում է տարածաշրջան:
Աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս փուլում Միրզոյանի բրյուսելյան այցի ամենահետաքրքրական ու խնդրահարույց հատվածը հանդիպումն էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Փորձագիտական հանրության մի ստվար զանգվածի կարծիքների համաձայն, այս բանակցություններում ՀՀ-ն չունի օրակարգ, հեռանկար, բովանդակություն, ուստի Ռուսաստան-ՆԱՏՕ, կամ ավելի ճիշտ՝ հավաքական Արևմուտք պատերազմական հարաբերությունների ֆոնին նման հանդիպումը կարող է ծառայել միմիայն ՆԱՏՕ-ի հարավկովկասյան հակառուսական օրակարգին:
Ի դեպ, հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն տարածեց միայն հայկական կողմը և կրկին, ըստ մեզ հասած տեղեկությունների, հայկական կողմի խնդրանքով ՆԱՏՕ-ն մանրամասներ չի հաղորդել այս բանակցությունների օրակարգի վերաբերյալ:
Ստեղծված իրավիճակում առանձնապես բարդ չէ կանխատեսել, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում ունի թիվ մեկ՝ հակառուսական, Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու օրակարգ:
Եվ այս ֆոնին բանակցությունները փակ պահելը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական և գլխավորապես Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու գործիքի:
Միրզոյանի բրյուսելյան այցն ավարտվեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմամբ, որի վերաբերյալ ևս ԵՄ արտաքին գործողության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չտարածեց՝ կրկին հայկական կողմի խնդրանքով: Ամփոփելով այս ուռճացված, կիսափակ հանդիպումներով ու քննարկումներով այցը՝ հերթական անգամ պետք է ցավալիորեն արձանագրել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ծառայում է ոչ թե ՀՀ-ի ու Արցախի, ներկայումս հումանիտար, աշխարհաքաղաքական ճգնաժամի մեջ հայտնված մեր 120 հազար հայրենակիցների շահերի իրացմանը, Արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորմանը, այլ աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրների իրականացմանը: