Սպասում են, մինչև դանակը հասնում է ոսկորին, գործը մտնում է Վարչական դատարան. Դավիթ Գյուրջինյան
«Ձեռքբերումը, որն ունեցանք 2022 թվականին, «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր» տեղեկագրի հրապարակումն է, որն ընդգրկում է 2019-2022թթ. լեզվի ոլորտի նշանակալի իրողությունները: Այդտեղ ընդգրկված են տարբեր ոլորտներ. կրթություն, թվային աշխարհ, արևմտահայերենը Հայաստանում, լեզվաքաղաքական հարաբերություններ, բառարանների և թարգմանական գրքերի հրատարակում և այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ շեշտելով, որ նպատակն է՝ կարողանալ ամեն տարի այսպիսի ամփոփ մի փաստաթուղթ ունենալ:
Նրա խոսքով, հետաքրքիր է եղել նաև տարվա բառի ընտրությունը:
«Ոմանք դժգոհեցին, մեզ քննադատեցին, թե ինչո՞ւ հաղթեց «գիտարբուք»-ը: Դա առցանց քվեարկություն է, ես այդ բառին ձայն չեմ տվել, բայց ուրախացել եմ այդ լուծմամբ, որովհետև նոր բառ է, ինքնատիպ է և առնչվում է գիտությանը: Երկրորդ տեղում «բանակաշինությունն» է: Սա մյուս գործոնն է, որ հասարակությունը կարևորում է բանակաշինությունը, երրորդում՝ «ինքնիշխանություն»-ը:
Իմ ընտրած բառն այս եռյակում չէ, ես ձայնս տվել էի «ապաշրջափակում» բառին, որովհետև ինձ համար էլ է այն շատ կարևոր: 2022թ. փետրվարի 21-ին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ առաջին անգամ այսպիսի հետաքրքիր բան արեցինք. շնորհավորական ուղերձ հրապարակվեց արևելահայերեն, արևմտահայերեն, և ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով»,- նշեց Դավիթ Գյուրջինյանը:
Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա ՀՀ լեզվի կոմիտեի նախագահի հաղորդմամբ, ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ են արել: Կոմիտեի աշխատակիցները Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում 1000-ից ավելի իրազեկման թերթիկներ են հանձնել տնտեսավարողներին՝ տեղեկացնելով լեզվական օրենսդրության պահանջների, դրանց խախտումից բխող իրավական հետևանքների մասին:
«Շատերը փոխում են, շատերը՝ ոչ: Սպասում են, մինչև դանակը հասնում է ոսկորին, գործը մտնում է Վարչական դատարան: 41 հայցադիմում ներկայացրել ենք Վարչական դատարան, 7 բողոք՝ Վճռաբեկ դատարան, որոնք մինչև հիմա ուղղակի չեն ընդունվել: Մեր մոտեցումն է՝ մարդկանց համոզել, հասկացնել, հորդորել, որ սա Հայաստանն է, և պիտի հայերենը գերիշխող լինի: Օտար լեզուների դեմ բան չենք ասում, եթե նրանք չեն զբաղեցնում հայերենի տեղը»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Հարցին, թե ավելի շատ ի՞նչ խախտումներ են արձանագրում, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահը պատասխանեց, որ հիմնականում բնակավայրերի արտաքին, տեսանելի հարդարանքի համար քաղաքացիները միշտ բողոքում են՝ ասելով. «Ոնց որ Հայաստան չլինի»:
«Մեր տնտեսավարողները թյուր ընկալում ունեն, որ անունն անպայման պետք է օտար լինի, գրությունն էլ, որը կգրավի օգտվողներին: Անունն էլ երբեմն երկար-բարակ և խուճուճ, դնում են հայերեն տառերով՝ ասելով, թե՝ հայերենն եք ուզում, խնդրեմ: Սա մեր ինքնագիտակցության պակասն է: Քաղաքացիներից և իրավաբանական անձանցից տարվա ընթացքում 700 գրավոր հարցում ենք ստացել, որոնց պատասխանել ենք»,- նկատեց Դավիթ Գյուրջինյանը:
Հաճախ Լեզվի կոմիտեն օտար բառերի հայերեն տարբերակներ է առաջարկում, որոնք երբեմն քննադատության են ենթարկվում, կամ դրանց այլ տարբերակներ են առաջարկում քաղաքացիները։ Օրինակ, վերջերս ակտիվ քննարկվեց հեծանվանավակը։ Առաջարկում էին` լինի հեծանավակ։ Կամ ցանցահենի փոխարեն` համացանցահեն։ 168.am-ի հարցին՝ կա՞ն առաջարկներ, որոնք ընդունվում են, և փոխվել է որևէ բառ, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահը պատասխանեց.
«Բառ փոխելու մասին դժվար է ասել, որովհետև մենք խոսում ենք բառերի մասին և առաջարկում ենք դրանք գործածել: Այո, քաղաքացիները երբեմն բառերի լավ առաջարկություններ ունենում են: Նրանց կյանքը կապահովվի, երբ գործածվեն: Մեկնաբանությունները կարդում ենք, քննարկում, երբեմն արձագանքում ենք մեր շնորհակալական խոսքով, իսկ մյուս մասը՝ թե՛ մեր, թե՛ քաղաքացիների առաջարկածն այսպես է՝ գրեցին, հնչեցրեցին, կհաղթի դա»:
Դավիթ Գյուրջինյանը հայտնեց նաև, որ երբ օտար բառերի հայերեն համարժեքների ցանկերը պատրաստում են, պաշտոնյաներն օգտակար են լինում, որովհետև լսում են նրանց արտաբերած բառերն ու գրանցում:
«Փորձում ենք բացատրել. Հայերենին դեմ մի՛ գնացեք հանուն ձեր իմացած մեկ կամ երկու լեզվի»,- եզրափակեց ՀՀ լեզվի կոմիտեի նախագահը: