Արցախցի Արենի երազանքն է` Արցախի դրոշը բարձրացնել միջազգային հարթակներում

Արցախի շրջափակման 44-րդ օրը Ավագյանների բազմազավակ ընտանիքը օրվա կարգացուցակը պլանավորում է հովհարային անջատումների ժամանակացույցին համապատասխան: Գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների պատճառով՝ ստիպված օգնության է հասնում փայտի վառարանը: Տունը տաքացնելու և կերակուր պատրաստելու համար, իհարկե, այն լավագույն միջոցն է, սակայն երբ լույս չկա, կենցաղային մի շարք հոգսեր են ավելանում:

«Եթե, ըստ գրաֆիկի, մեր լույսերը պետք է անջատեն օրվա երկրորդ կեսին, վաղ առավոտից միացնում եմ լվացքի մեքենան, արդուկում շորերը: Բայց գրաֆիկին համապատասխան էլ միշտ չի ստացվում: Օրինակ, մենք փայտի վառարան ունենք, տունը կարողանում ենք տաքացնել, բայց հարևան բնակարաններում ապրող մարդիկ էլեկտրական ջեռուցիչների հույսին են, ստիպված բոլորը միանգամից միացնում են, որ մինչև հովհարային անջատումները գոնե տունը տաք լինի: Դրանից էլ ցանցը ծանրաբեռնվում է, ու վթար է առաջանում: Արդյունքում հոսանքը անջատում են ոչ թե 2-3 ժամով, այլ 6-7 ժամով»,- ասում է Ռիտան և ավելացնում, որ հոսանքի անջատումների ժամանակ օգտագործում են տան եղած լուսավորության բոլոր սարքերը:

Տեղահանված ընտանիքը Մարտունու շրջանի Շեխեր համայնքից է: 44-օրյա պատերազմից հետո գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ընտանիքն էլ ժամանակավոր հաստատվել է Մարտունի քաղաքում: Հետպատերազմյան շրջանում հազիվ են կարողանում տան համար իրեր ձեռք բերել, սակայն նոր իրավիճակը թելադրում է նոր պայմաններ:

Կարդացեք նաև

«Չորս երեխաներից ավագը՝ Անժելիկան, նոր է ամուսնացել: Անգելինան և Ալեքսը Արցախի տարբեր բուհերում են սովորում, սակայն հունվարի 19-ից ժամանակավոր դադարեցված է ուսումնական հաստատությունների աշխատանքը, և տանն են: Նախ, 2020 թվականին ի հայտ եկած կորոնավիրուսի վտանգը, դրան հաջորդած 44-օրյա պատերազմը, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակումը, արդեն 3 տարի է` կրթական համակարգը ճգնաժամի առաջ է կանգնեցրել»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Այս հարցում միայն 12-ամյա Արենի «բախտը» չի բերել: Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 դպրոցի 7-րդ դասարանում է սովորում: Չնայած դպրոցները փակ են, բայց ուսուցչուհին առցանց եղանակով ուղարկում է տնային հանձնարարությունները: Արցախում համացանցի տատանումները զգացվում են օրվա մեծ մասում: Այս դեպքում էլ Ադրբեջանը հնարավորություն ունի վնասել մալուխի գիծը:

«Արենի դժգոհությունը ոչ այնքան նրա հետ է, որ դաս չկա, այլ, որ սիրելի սպորտաձևով զբաղվել չի կարող: ԱՀ Ուշու Քունգ ֆեդերացիայի սաներից է: Արցախում և Հայաստանում կայացած տարբեր մրցույթներում հասցրել է պատվավոր տեղեր զբաղեցնել, բայց երազանքը՝ Արցախի դրոշը միջազգային հարթակներում բարձրացնելն է: Փոքր քայլերով մեծ երազանքներ իրականացնելու համար՝ Արենը իր տարեկից հազարավոր երեխաների պես չի կարողանում զբաղվել սպորտով, դպրոց հաճախել և նույնիսկ չգիտի՝ հերթական մրցույթին մասնակցելու համար Հայաստան կկարողանա գնալ, թե ոչ»,- մտահոգություններով է կիսվել բազմազավակ մայրը:

Շրջափակման պատճառով Արցախ սնունդ չի մատակարարվում: Դատարկ խանութներում անհնար է նույնիսկ քաղցրավենիք գտնել: Ռիտայի խոսքով՝ պատրաստում են այն, ինչ հնարավոր է տնային պայմաններում: Գիտի, որ մասնագիտացված խանութներում ձվի հերթեր են գոյանում ամեն օր: Բայց դրսում -5 աստիճան ցուրտ է, իսկ ժամերով հերթ սպասելուց միշտ չէ, որ բախտ է վիճակվում և կարողանում ես ձու գնել: Ասում է՝ իր դեպքում գոնե երեխաներին հնարավոր է բացատրել, որ բանջարեղեն ու մրգերի կրպակներ վաղուց փակված են, բայց ավելի փոքր երեխաների հետ՝ դժվար է հարմարվել ստեղծված իրավիճակին:

Սարսափելի պատերազմից հետո՝ Ավագյանները հույս ունեին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կպահպանվի: Հայրենի Շեխերում են թողել ամեն ինչ՝ տուն, մեքենա, ընտանի կենդանիներ, հողամաս: Վախենում են մտածել, որ շրջափակումը կտևի շատ ավելի երկար, քանի որ ներքին ռեսուրսները անսահմանափակ չեն: Հումանիտար ճգնաժամը խորանում է ժամ առ ժամ՝ ստեղծելով սովի վտանգ և խախտելով բազմաթիվ իրավունքներ:

ԱՆԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս