Եթե Արևմուտքը ցանկանում է լինել միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, պետք է կարողանա ազդել ճգնաժամային իրավիճակների վրա. եվրոպացի վերլուծաբան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության, մասնավորապես՝ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ Բլինքենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։

«Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»,- ասված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի մասին թվիթերյան իր էջում գրառում է արել Բլինքենը՝ նշելով, որ ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել այդ ջանքերին:

Ադրբեջանի նախագահը, իհարկե, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հերքել է ճանապարհի փակված լինելու փաստը՝ նշելով, թե ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն այս ընթացքում այնտեղով անցել են:

Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:

«ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- նշված էր հաղորդագրությունում:

Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանի հետ քննարկվել էին Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու 2 քննարկված քայլեր:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզատ Ստյուարտն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը գտնվում է փակուղում: Ըստ նրա, ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը մարտահրավեր է արտաքին բոլոր խաղացողների համար: Այն խաղացողը, վերլուծաբանի խոսքով, որը կարողանա լուծել միջանցքի անխափան գործունեության վերականգնման հարցը, ձեռք կբերի որոշակի ազդեցություն ու առավելություն կողմերի նկատմամբ ու հատկապես՝ Հայաստանի:

«Հարցն այն է, որ Ռուսաստանը փաստացի չի կարողանում վերականգնել միջանցքի գործունեությունը, որը եռակողմ պայմանագրով իր պարտականությունն էր: Սակայն Արևմուտքը ևս, եթե ցանկանում է լինել միջնորդ, ինչ-որ կերպ պետք է կարողանա ազդել ճգնաժամային իրավիճակների վրա, որպեսզի հայկական կողմին վստահություն ներշնչի՝ որպես ազդեցիկ միջնորդ:

Քիչ հավանական է, որ ճգնաժամի պայմաններում բանակցային գործընթացը վերականգնվի: Այս պատճառով էլ Արևմուտքից հնչում են հստակ ուղերձներ, որպեսզի լուծվի ստեղծված հումանիտար խնդիրը և զուգահեռաբար վերականգնվեն բանակցությունները: Սակայն ուղերձները հնչում են արդեն մի քանի շաբաթ, և խնդիրը չի լուծվում, քանի որ տեղում կա ռուսական ներկայություն և փաստորեն, դա ավելի առանցքային գործոն է»,- ասաց վերլուծաբանը:

Նա արձանագրեց, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն համակարգված աշխատում են Հարավային Կովկասում:

«Սա նոր երևույթ է, բնականաբար, լուծումներն արագ ու հեշտ չեն, քանի որ կա կարծրացած ռուսական ազդեցություն, ազդեցություն հակամարտող կողմերի նկատմամբ և Հարավային Կովկասում Արևմուտքի փորձի բացակայություն: Սակայն սա երկարատև գործընթաց է, Արևմուտքում դա հասկացել են, ու պատահական չէ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել է 2 տարի ժամկետով: Ակնհայտ էր, որ նախորդ տարի ԵՄ-ն Շառլ Միշելի միջնորդությամբ պատրանքներ ուներ, որ Խաղաղության համաձայնագիրը մոտ ապագայի հարց է: Սակայն այս պահին Արևմուտքի հաշվարկները փոխվել են»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս