«Առաջին մեղավորը ոչ թե կորպուսի հրամանատարությունն է, այլ գերագույն հրամանատարը. եթե վերևից նորմալ ղեկավարում չի իրականացվում, ներքևում չի կարող այլ կերպ լինել». Գրիգոր Գրիգորյան

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում է հրդեհը բռնկվել:

Ի դեպ, ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության, հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել, 6 պարտադիր ժամկետային զինծառայող և մեկ սպա էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հոսպիտալ:

Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր 15 մահացածի և 3 վիրավորի մասին:

Կարդացեք նաև

Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս այսօր կառավարության նիստում հայտարարեց 3 վիրավորների մասին։

Դեպքից ժամեր անց ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, ազատվել են նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը, զորամիավորման այլ պատասխանատու անձինք:

Կարելի է ասել, գլխատվել է մի ամբողջ կորպուս: Որքանո՞վ է սա արդարացված, արդյո՞ք մի ամբողջ կորպուսի գլխատումն անվտանգային այլ ռիսկեր չի առաջացնում:

168.am-ի հետ զրույցում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ առաջին մեղավորը ոչ թե կորպուսի հրամանատարությունն է, այլ երկրի:

«Ձուկը գլխից է հոտում: Պետք է սկսել գլխավոր հրամանատարից և նոր իջնել մինչև ներքին օղակ: Եթե վերևից նորմալ ղեկավարում չի իրականացվում, ներքևում չի կարող այլ կերպ լինել: 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանին չպետք է ազատեին պաշտոնից, նա բացառիկ հրամանատարներից է, որ ի վիճակի է բանակային կորպուս ղեկավարել, ունի ունակություններ:

Ձեզ թվում է՝ նա չի՞ ներկայացրել առկա խնդիրները, երկրորդ՝ ձեզ թվում է՝ Սուրեն Պապիկյանը տեղյա՞կ չէր, թե ինչ պայմաններում էին ծառայում զինվորները, այս վաշտը: Կամ՝ ԳՇ պետը, նրա տեղակալները չե՞ն եղել այդտեղ, եղե՛լ են: Ես իրենց այդ դիրքերում, այդ կողմերում տեսել եմ, որտեղ դեպքը եղել է: Բոլորն էլ այդ տարածքում եղել են, և հնարավոր է՝ իրավիճակին տիրապետում են:

Մի զինծառայողի անփութության պատճառով վերցնում ենք և 20-30 տարի ծառայություն անցած հրամանատարներին, որոնք ինչ-որ արդյունքների են հասել, ինչ-որ պաշտոններ էին զբաղեցնում, խոտհունձի տակ ենք դնում, սկսում հնձել:

Դա շատ սխալ որոշում է, շատ սխալ: Ես հասկանում եմ, որ ունենք 15 մահ, կարող էինք տույժի ենթարկել: Բայց վերցնենք և սկսենք հնձել հրամանատարների՞ն, երբ առանց այն էլ մարտական լուրջ միավոր ենք կորցրել: Ձեզ թվում է՝ երկրի, ՊՆ, ԳՇ ղեկավարությունը չգիտեի՞ն, որ դիրքերում փայտե տնակներ են, վրաններ, ավելին՝ փայտե տնակը շքեղություն է համարվում:

Եթե կա փայտե տնակ, դա արդեն շքեղություն է, որ այդ դիրքում կարելի է մի քիչ լավ պայմաններ ստեղծել: Ինժեներասակրավորական վաշտը պետք է օրինակելի լիներ նաև իր ծառայության պայմաններով, բայց արի ու տես, որ դեպքը տեղի է ունենում հենց այս վաշտում, որը տեղակայված էր գյուղի գոմ հիշեցնող շինությունում: Իսկ եթե գլոբալ վերցնենք, ապա դիրքում, առաջնագծում չպետք է վրան կամ փայտե տնակ լինի, պետք է լինեն բետոնե կոնստրուկցիաներով կառուցված կացարաններ, որտեղ բոլոր առումներով զինվորների անվտանգությունն ապահովված կլինի՝ թե պատերազմի, և թե խաղաղ ժամանակ: Այսօր մարտական դիրքերում անվտանգության կանոնները 90 տոկոսով չի պահպանվում՝ զենքի կիրառման, պայթյունավտանգ նյութերի պահպանման, հրդեհային անվտանգության: Այսօր մարտական դիրքերում բոլոր առումներով բարձիթողի վիճակ է»,- ասաց պահեստազորի գնդապետը:

Նիկոլ Փաշինյանը հաճախ պարծենում է, թե ամեն տարի ավելացնում են պաշտպանական ծախսերը: Գրիգոր Գրիգորյանի խոսքով, պաշտպանական ծախսերի ավելացումը չի նշանակում, որ դրանք արդյունավետ և նպատակային են օգտագործվելու, այսինքն, կարող ես ունենալ 100 միլիոն և կատարես նպատակային ծախսեր, բայց ունենաս 1 միլիարդ և չկարողանաս անգամ 100 միլիոնի աշխատանք կատարես:

Անդրադառնալով նոր պատերազմի հավանականության մասին փորձագիտական շրջանակների վերլուծություններին, ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, Գրիգոր Գրիգորյանը, ով մշտապես դիրքերում է լինում իր խմբով, նշեց.

«Ես իմ տղաներին փետրվար-մարտ ամիսների համար նախապատրաստում եմ դրան: Իմ կարծիքով, փետրվար-մարտ ժամանակահատվածում հնարավոր են ադրբեջանական սադրանքներ, անգամ՝ փետրվարի վերջ, դա կախված է եղանակային պայմաններից: Սադրանքներ հնարավոր են և՛ Արցախի թևում, և՛ ՀՀ-ի հատվածում՝ Գեղարքունիք, Ջերմուկ, Վայոց ձոր, նախիջևանյան ուղղությունը»:

Պահեստազորի գնդապետի փոխանցմամբ, Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքում առաջխաղացումներից հետո անմիջապես սկսում է դիրքավորվել:

«Յուրաքանչյուր բարձունք գրավելուց հետո հաշված ժամերի ընթացքում Ադրբեջանը այն սարքում է, այսպես ասած, անառիկ ամրոց: Ապացուցված բան է՝ բարձունքը վերցնելուց հետո միանգամից պայմաններ են ստեղծում, ոչ մի կրակոց չի լինում, բերում են համապատասխան մի քանի տեխնիկա, տրակտորները սկսում են քանդել, հետո սկսում են կիրառել բետոնե կոնստրուկցիաներ տեղափոխող միջոցներ, կոնստրուկցիաները տեղադրում են, այսինքն, մի քանի օրում տվյալ բարձունքը դառնում է անառիկ ամրոց»,- ամփոփեց Գրիգոր Գրիգորյանը:

Հավելենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Տեսանյութեր

Լրահոս