«Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ». Շարմազանով
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/Sharmazanov-6.jpg)
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ։
Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, ռեժիմի վերարտադրության,թուրքերի «տակ» ապրելու կապիտուլյանտների որոշման և ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։
Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։
Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ, այն եղել է միջնադարում և անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։
Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։
Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչև Կիևյան Ռուսիա և Լեհաստան։
Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։
Այսօր էլ Շուշին ու Հադրութն են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ, սա փախուստ է խնդրից։
Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. մնալ, ապրել ու պայքարել Հայաստանում ու Արցախում։
Ապրել ու պայքարել հանուն Հայաստանի և Արցախի։
Թուրքերի ուզածն էլ դա է, որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը։
Հեշտ է լինելու։ Իհարկե ՝ ոչ։
Բայց այլ ճանապարհ չկա։
Պետք է ապրել Հայաստանը հակապետական ռեժիմից ազատելու, պետության գահավիժումը կանգնեցնելու ,հայրենիքը թուրքերին չհանձնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար»։