Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում չի լինելու

Դոլարի նկատմամբ դրամի ամրապանդումը որոշակի սպասումներ էր ձևավորել, որ հանրային ծառայությունների, մասնավորապես՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն։ Ի վերջո, գազի և էլեկտրաէներգիայի սակագների մեջ փոխարժեքի ազդեցությունը բավական մեծ է։ Դա հանգիսանում է սակագների ձևավորման 4 հիմնական գործոններից մեկը։

Գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագներում դոլարը հաշվարկված է նախկին բարձր փոխարժեքով։ Այնինչ՝ 2022թ. գարնանից դոլարի փոխարժեքը մեծապես նվազել է, և այս պահին արդեն 80-90 դրամով ավելի ցածր է, քան սակագների հաշվարկում ներառված փոխարժեքն է։ Երբ սկսվեց դոլարի արժեզրկման պրոցեսը, իշխանությունները հույս էին տալիս, որ դա հանգեցնելու է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման։

«Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց էս միջակայքում, հնարավո՞ր է արդյոք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ բավական մեծ դեր ունի հենց փոխարժեքը»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ամիսներ առաջ ադպիսի հարց բարձրացեց պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորումը, բնականաբար, պետք է հաշվի առնվի՝ «Այո՛, սա արժևորված փոխարժեք է, և եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ ՀԾԿՀ-ն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»:

Գազի սակագների վերանայման մասին առայժմ ոչ մի խոսք չկա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույնիսկ չի էլ դիտարկում դրա նվազեցման հնարավորությունը, փոխարենը՝ արդեն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագների վրա դոլարի և այլ գործոնների ազդեցության գնահատումը և եկել եզրակացության, որ սակագների ոչ մի նվազեցում էլ չի լինելու։

«Տեղեկացնում ենք, որ սակագների վրա ազդող բոլոր գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել»,- հայտարարել է Հանձնաժողովը։

Այլ կերպ, էլեկտրաէներգիայի գործող սակագները կմնան անփոփոխ։

Դոլարի արժեզրկման արդյունքում սակագների հնարավոր նվազեցման առումով իշխանությունների տված հույսերն ընդամենը սպառողների մոտ որոշ ժամանակ դրական սպասումներ ձևավորելու նպատակ ունեին։

Պատահական չէ, որ կառավարության անդամներն ու իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում դադարել էին խոսել դոլարի էժանացման արդյունքում գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու մասին։ Մինչդեռ ժամանակին ոգևորված հայտարարություններ էին անում, թե դոլարի արժեզրկման արդյունքում սակագները պետք է իջնեն։

Սակագների հնարավոր նվազեցման հետ կապված որոշակի հույսեր էր փայփայում նաև Կենտրոնական բանկը։

Ոչ վաղ անցյալում ԿԲ նախագահն ակնարկում էր, որ դոլարի թուլացումը պետք է իր ազդեցությունն ունենա սակագների վրա։ Դա Կենտրոնական բանկը ոչ պակաս էական գործոն էր համարում գնաճի գործում և ակնկալում էր, որ սակագների նվազեցումն ինչ-որ առումով դրական ազդեցություն կունենա գնաճի վրա։

Սակայն, այլևս պարզ է, որ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում 2023թ. սպառողներին չի սպառնում։ Որոշակի վերանայում կլինեն միայն արտադրող կայանների սակագներում, իսկ սպառողին վաճառվող հոսանքի գները կմնան անփոփոխ։

Համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրությունների, դոլարի արժեզրկումն էլեկտրաէներգիայի սակագների վրա ունեցել է 4,09 դրամով նվազեցնելու ազդեցություն։

Սակագների նվազեցման օգտին է եղել նաև էներգաարտադրության ու սպառման կառուցվածքը։ Այս դեպքում էլ նվազեցման հնարավորությունը գնահատվել է 1,69 դրամ։

Որոշակի այլ գործոններ ևս դրական ազդեցություն են ունեցել սակագների նվազեցման ուղղությամբ։ Փոխարենը՝ սակագների բարձրացման ուղղությամբ ճնշումները բավական մեծ են եղել հատկապես կառավարության երաշիքներով ներգրավված վարկերի սպասարկման պարագայում։ Այդ գործոնի բացասական ազդեցությունը նույնիսկ ավելի մեծ է եղել, քան փոխարժեքի փոփոխությանը։

Երաշխիքային վարկերի ազդեցությունը սակագներում, հանձնաժողովի գնահատումներով, 4,5 դրամ է։ Կատարված ներդրումների փոխհատուցումը սակագների վրա թողել է 1,13 դրամի ազդեցություն։

Սակագների վրա մեծացել է նաև միջուկային վառելիքի ձեռքբերման և աշխատավարձերի ծախսերի ճնշումը։

Բոլոր գործոնները համադրելով՝ Հանձնաժողովը որոշել է, որ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները չպետք է նվազեցվեն։ Կշարունակեն պահպանվել 2022թ. փետրվարի 1-ից գործող սակագները։ Այն ժամանակ, ինչպես հայտնի է, դրանք բարձրացան միջին հաշվով 4,7 դրամով։

Բարձրացման հիմնական պատճառն այն էր, որ կառավարության իրականացրած «փայլուն» էներգետիկ քաղաքականության հետևանքով համակարգում հերթական ֆինանսական մեծ ճեղքն էր գոյացել՝ շուրջ 24 մլրդ դրամի չափով։

Այն փակելու համար էլ որոշվեց 4,7 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի միջին կշռութային սակագինը։

Իրենց վատ կառավարման ու ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով համակարգում առաջացած ֆինանսական խնդիրները դրեցին սպառողների վրա ու իրենց գործն ավարտված համարեցին։

Այդ բարձրացման ազդեցությունը սպառողները կշարունակեն «վայելել» նաև այս տարի։

2023թ. էլեկտրաէներգիայի սակագինը կմնա նույնը, ջրինն արդեն բարձրացել է, թեև կառավարությունը որոշել է այն փոխհատուցել հարկատուի հաշվին, որը նույն սպառողն է։ Առայժմ հայտնի չէ, թե այս տարի ինչպիսին կլինի գազի սակագինը։

Մատակարար ընկերությունը սակագների վերանայման առաջարկություն չի ներկայացրել։ Հանձնաժողովը ևս այդպիսի նախաձեռնությամբ հանդես չի եկել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս