Ջրայինը «գործարկեցին», անցան օդայինին

Բեռնափոխադրողներին օժանդակելու համար՝ 2022թ. գարնանից կառավարությունը փորձում է ջրային կամ լաստանավային փոխադրումներ կազմակերպել։ Փորձում է, բայց առայժմ ոչինչ չի ստացվում։

Տարին ավարտվեց՝ որևէ արդյունք այդպես էլ չկա։ Չնայած այս ընթացքում մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ուր որ է՝ փոխադրումները կմեկնարկեն։

Բազմիցս ժամկետներ են նշել, բայց լաստանավային փոխադրումների հետքը չի երևում։

Այնպես չէ, որ դա կարող է լուրջ բան փոխել բեռնափոխադրողների կյանքում։ Շատերը դրա հետ մեծ հույսեր չեն էլ կապում։ Առավել ևս, որ հարցականի տակ է լաստանավով ավտոմոբիլային բեռների տեղափոխումը։ Եթե այնուհանդերձ հաջողվի ջրային փոխադրումներ իրականացնել, դա լինելու է հիմնականում վագոների համար։ Իսկ վագոններով Հայաստանից մեծ քանակությամբ բեռներ չեն տեղափոխվում։

Այդպիսի ապրանքների քանակը շատ սահմանափակ է։ Նույնը՝ նաև ներմուծումների պարագայում։

Ամեն դեպքում լաստանավի գործարկումն ինչ-որ օժանդակություն կարող է լինել որոշ բեռների տեղափոխման համար։ Սակայն դա էլ չի հաջողվում կազմակերպել։

Արդեն շուրջ 10 ամիս է՝ բանակցում են ու այսպես էլ չեն կարողանում համաձայնություն ձեռք բերել վրացիների և Փոթիի նավահանգիստը շահագործող օպերատորի հետ։

Իսկ այդ ընթացքում բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների պակաս չկա։ Մեկը չլուծված՝ մյուսն է ի հայտ գալիս։ Նախկինում էլ բեռնափոխադրողները Լարսում քիչ դժվարությունների չէին բախվում։ Հիմա առավել ևս, երբ խստացվել է մաքսային հսկողությունը։

Բեռնափոխադրողները դժգոհում են, որ խստացումը վերաբերում է հատկապես հայկական բեռներին։ Մյուս երկրների, մասնավորապես՝ Վրաստանի ու Թուրքիայի բեռնափոխադրողները կարծես գործում են արտոնյալ ռեժիմում։

Հայկական բեռնատարների հերթերը երբեմն հասնում են տասնյակ կիլոմետրերի։ Հազարավոր բեռնատարները օրերով մնում են հերթի մեջ ու չեն կարողանում անցակետ հասնել։

Սրա հետևանքով մարդիկ ոչ միայն ժամանակ են կորցնում, այլև մեծ վնասներ կրում։ Երբեմն ստիպված են լինում հետ վերադառնալ՝ տեղափոխվող ապրանքը փչանալուց փրկելու համար։ Բայց երբեմն դա էլ չի հաջողվում ու ստիպված ապրանքը թափում են, որովհետև այլևս պիտանի չէ օգտագործման համար։

Լոգիստիկ խնդիրների հետևանքով թանկանում են նաև ապրանքները։

Դա բերում է լրացուցիչ գնաճի, որից ներսում տուժում են սպառողները, դրսում՝ տնտեսվարողները. բարձրանում է ապրանքների ինքնարժեքը։

Ծախսերը փակելու համար բարձրացնում են գները, ինչից տուժում է իրացումը, մրցունակության հետ կապված խնդիրներ են առաջանում։

Լուրջ գլխացավանք է դարձել արագ փչացող և հատկապես գյուղատնտեսական նշանակության ապրանքների տեղափոխումը։ Գոնե փորձեն այդ ապրանքների տեղափոխման հարցերը կարգավորել, դա էլ չեն կարողանում։ Երբ հարցնում ես իշխանության ներկայացուցիչներին, ասում են՝ իրավիճակը մեր հսկողության տակ է, քայլեր ենք ձեռնարկում այն շտկելու ուղղությամբ։ Բայց իրավիճակը չի շտկվում։

Լարսում խնդիրները չեն պակասում, իսկ լաստանավից, հավաստիացումներից բացի, այլ առաջընթաց չկա։ Մեկնարկի ժամկետներն անընդհատ հետաձգվում են։ Սկզբից 2022թ. հուլիս էին ասում, հետո տեղափոխեցին օգոստոս, հիմա արդեն խուսափում են նույնիսկ ժամկետներ նշել։

«Կարծում ենք, որ հիմա բանակցությունների վերջնական փուլում ենք մեր վրացի գործընկերների, Փոթիի նավահանգստի օպերատորի հետ: Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները դժվարացնում են Փոթիի նավահանգստի օպերատորի հետ համագործակցությունը: Փոթիի նավահանգիստը ղեկավարում է հոլանդական APM ընկերությունը: Մենք այժմ համաձայնեցնում ենք պայմանները, որոնք վերաբերում են ապրանքների տեսակների, նավի մուտքի թույլտվության հարցին: Օրինակ՝ այսօր մենք կարող ենք պայմանավորվել մի նավի վերաբերյալ, սակայն այն կարող է հայտնվել պատժամիջոցների ցանկում: Իմ կարծիքով՝ մենք բավականին մոտ ենք լաստանավային հաղորդակցության գործարկմանը:

Լարսի անցակետի խնդիրը պետք է լուծվի: Հիմա արդեն հերթեր են, քանի որ ռուսական կողմը խստացրել է վերահսկողական միջոցառումները՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ կապված: Այս պահին մեկ մեքենայի ստուգման ընթացքն ավելի երկար է տևում:

Սակայն մենք մեր ռուս գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք, պայմանավորվածություն ունենք, որ նրանք մեծացնելու են, այսպես կոչված, ռենտգեն սարքավորումների քանակը, որոնք ստուգում են մեքենաները: Եվ մենք ամենօրյա ռեժիմով հետևում ենք մեքենաների քանակին, որոնք անցնում են Վերին Լարսի անցակետը՝ թե Հայաստանից դեպի Ռուսաստան, թե Ռուսաստանից դեպի Հայաստան: Այդ հարցը գտնվում է մեր վերահսկողության ներքո»,- հայտարարել էր էկոնոմիկայի փոխնախարարը։

Ամիսներ շարունակ լաստանավի գործարկումը չեն կարողանում տեղից շարժել, հիմա էլ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները սկսել են օդային փոխադրումներ կազմակերպելուց խոսել՝ «Բացի լաստանավային հաղորդակցությունից, մենք նաև զբաղվում ենք բեռների կանոնավոր ավիափոխադրումների իրականացման ուղղությամբ: Նախնական փուլում ենք։ Որոշ գործընկերների հետ քննարկում ենք այն պայմանները, որոնք կարող են առաջարկվել մեր արտահանողների և ներմուծողների համար: Բեռնատար օդանավով, իհարկե, չի կարելի արտահանման ամբողջ ծավալը ծածկել, սակայն կարելի է ծածկել զգալի մասնաբաժինը»:

Ամիսներ շարունակ բեռնափոխադրողներին զբաղեցրին լաստանավային փոխադրումներ կազմակերպելու հավաստիացումներով, հիմա էլ անցել են օդայինին։

Եթե լաստանավով բեռնափոխադրում իրականացնելը դեռ ինչ-որ առումով կարող է մրցակցային լինել, օդայինի դեպքում դա էլ բացառվում է։ Հատուկենտ ապրանքներ կան, որոնց տեղափոխումն օդային տրանսպորտով կարող է ձեռնտու կամ շահութաբեր լինել, եթե, իհարկե, կառավարությունն իր վրա չվերցնի տեղափոխման ծախսերը ու փոխհատուցում չտա։ Դա էլ իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում, նաև կոռուպցիոն ռիսկեր. կարող է այնպես ստացվել, որ վաղը կառավարությունը պետության հաշվին սուբսիդավորման անվան տակ ֆինանսավորի յուրային գործարարների բիզնեսը՝ նրանց ապրանքներն արտոնյալ գներով այս ու այն կողմ տեղափոխելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս