«Ես հստակ գիտեմ, որ այս երկրում տոնելու բան չկա. վիճակը ծանրագույն է». քաղաքագետ

Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը շարունակում է փակ պահել, և սա դեռ ամենը չէ՝  Ադրբեջանում ակնարկներ են արվում Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, միջանցք տրամադրելու մասին:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ նմանատիպ սցենարները կարող են կանխվել միայն Հայաստանի ռազմականացմամբ և հստակ, ուժեղ գծով դիվանագիտական քաղաքականությամբ:

«Արդեն այլ ելք չկա. Ադրբեջանը միտում ունի այս երկիրը՝ ներառյալ Արցախը, ոչնչացնել: Իհարկե, անգիտակիցները շատ են.  տոնում են, չգիտեմ՝ ինչ են տոնում, քարոզչության զոհերն են, բայց ես հստակ գիտեմ, որ այս երկրում տոնելու բան չկա. պետք է գիտակցենք, որ վիճակը ծանրագույն է ու շատ ավելի վատն է, քան երկու տարի առաջ»,- մանրամասնեց նա:

Քաղաքագետը չի կարծում, թե ռազմականացումը ժամանակատար է։ Նա համոզված է՝ առաջին արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Կարդացեք նաև

«Դա երկարաժամկետ գործընթաց չէ՝ որոշումների մեկ օրվա գործընթաց է: Եթե ընդունվեն նման որոշումներ, եթե սկսվի նման քաղաքականություն, մեկ օրում սկսվելու է ամեն բան փոխվել: Տարբերությունը շատ արագ կերևա, բայց, իհարկե, վերջնական արդյունքը շատ ավելի ուշ է լինելու, քան առաջնային արդյունքները: Պետք է սկսել բանակում կարգապահության վերականգնումից:

Մինչդեռ երեկ մամուլում լուր տարածվեց, թե, այսպես կոչված, ԿԳՄՍ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները. հակառակ ուղղությամբ է ընթանում:

Դրա համար պետք են որոշումներ, նոր ռազմավարություն, պետք է պետականաստեղծ քաղաքականություն, այլ ոչ թե պետության սպառողական մոտեցում, որը ցուցաբերում է ներկայիս իշխանությունը:

Պետք է հասկանալ՝ էս երկրի խնդիրները որտեղ են, և դրանցով զբաղվել, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծել ամեն օր, կամ փորձել մարդկանց ուշադրությունը շեղել՝ մինչև ադրբեջանցիներն ու թուրքերը կարողանան այս երկրի վերջը տալ»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս