«2018 թվականից հետո ավիացիայի ոլորտի ղեկավար նշանակված անձը գաղափար չուներ ոլորտի գործառույթներից». Հակոբ Ճաղարյան

Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերությունները կշարունակեն մնալ Եվրամիության «սև ցուցակում»  Եվրահանձնաժողովը դարձյալ չի փոփոխել 2020 թվականի հունիսից ՀՀ քաղավիացիայի սահմանափակումները:

Ավիացիոն փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քաղավիացիայի հեռանկարներին՝ հիշեցրեց. «Հայաստանը դեռևս 2015 թվականից անցել է ԻԿԱՕ-ի կողմից անցկացված աուդիտը շատ բարձր ցուցանիշով՝ 80 և ավել տոկոս միջազգային նորմերի համապատասխանությամբ:

Իսկ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ավիացիայի ոլորտի ղեկավար նշանակված անձը բացարձակապես գաղափար չուներ ոլորտի գործառույթներից, որոնք նշված են Քաղավիացիայի կոմիտեի կանոնադրության մեջ»:

Առավել մանրամասնելով՝ Հակոբ Ճաղարյանը նշեց, որ Հայաստանը «սև ցուցակում» հայտնվել է ոլորտի պատասխանատուների բացթողումների, մասնավորապես՝ թռիչքների անվտանգության, դրանց փաստաթղթերի ընդունման, այդ փաստաթղթերի կատարման և վերահսկման, ինչպես նաև՝ օդանավերի թռիչքային պիտանելիությանն առնչվող հարցերի պատճառով:

««Սև ցուցակ» ընկնելու փաստարկներից էր  նաև այդ գործողությունների կատարման համակարգի բացարձակ բացակայությունը: Այսինքն՝ այն 50 կետանոց վճիռը, որ մակերեսային ստուգմամբ հայտնաբերել էին, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը ընդգրկում էր այդ ամենը՝ գլխավոր ոլորտների անելիքների թերի կամ բացարձակ չկատարումը:

Ռևազյանի հեռանալուց հետո ավիացիոն իշխանությունների ղեկավար նշանակված անձը՝ Միհրան Խաչատրյանը, գրագետ է. համենայն դեպս, ինձ մոտ մեծ հույսեր կան, որ նա այդ բացթողումներն ի վիճակի կլինի վերացնելու: Ուղղակի նրա աշխատանքը բարդանում է այնքանով, որ Տաթևիկ Ռևազյանի գալուց հետո, մոտ մեկ տարում շուրջ 15 որակյալ մասնագետ հեռացել է Ավիացիայի կոմիտեից:

Տրամաբանորեն, այդ մարդիկ արդեն ավելի բարձր վարձատրվող աշխատանք են գտել մասնավոր ոլորտում. նրանց հետ կանչելն արդեն իսկ բարդ խնդիր է: Բացի այդ՝ Միջազգային քաղաքացիական ավիացիան դինամիկ զարգացող ոլորտ է, և փաստաթղթերի անընդհատ թարմացումներ, փոփոխություններ են տեղի ունենում. ավիացիոն իշխանություններից հեռացած մարդիկ, ամենայն հավանականությամբ, ո՛չ հնարավորություն են ունեցել, ո՛չ ի պաշտոնե առաջադրանք՝ այդ փոփոխություններին հետևելու»,- մանրամասնեց ավիացիայի փորձագետը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի hունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը: Որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն:

«Սև ցուցակը», որը պաշտոնապես կոչվում է «EU Air Safety List» կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ, բաղկացած է 2 հավելվածից: «A» հավելվածում այն ավիաընկերություններն են, որոնց գործունեությունը ԵՄ երկնքում ամբողջությամբ արգելված է, իսկ «B»-ում՝ նրանք, որոնց կոնկրետ օդանավերի մուտքն է արգելված: Հայաստանն ընդգրկվել է «A» հավելվածում, այսինքն՝ արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

Տեսանյութեր

Լրահոս