Դինա Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը Կաստիլիոյի՝ իմփիչմենթի ենթարկվելուց հետո

Պերուի արդեն նախկին փոխնախագահ Դինա Բոլուարտեն երդում է տվել՝ որպես Պերուի նոր նախագահ այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանն իմփիչմենթ է հայտարարել Պեդրո Կաստիլիոյին: Պաշտոնանկ արված ձախ արմատական Կաստիլիոն նախագահի պաշտոնը ստանձնել էր 2021 թ.-ի հունիսին՝ գրեթե մեկուկես տարի առաջ: Պատգամավորները երրորդ փորձից իմփիչմենթ են հայտարարել նրան: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Դրան նախորդել են մի շարք քաղաքական սկանդալներ և Կաստիլիոյի հասցեին կոռուպցիայի և պետական պաշտոններում մերձավորների և անհրաժեշտ որակավորում չունեցող անձանց նշանակելու մեղադրանքներ: Անցյալ շաբաթ խորհրդարանականները քվեարկել էին իմփիչմենթի ընթացակարգ սկսելու օգտին, որի քննարկումը նախատեսված էր դեկտեմբերի 7-ին:

Չսպասելով նիստին՝ Կաստիլիոն հայտարարել էր Կոնգրեսն արձակելու և պարետային ժամ հայտարարելու մասին: Նա նաև հայտարարել էր երկրի խորհրդարանի նոր կազմի ընտրության, Սահմանադրության փոփոխման և դատական համակագի բարեփոխումների անհրաժեշտության մասին:

Ինչպես երկրի խորհրդարանը, այնպես էլ Սահմանադրական դատարանը մերժել էին Կաստիլիոյի հայտարարությունը՝ քաղաքական գործչին մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ: Ոստիկանությունն ու բանակն անցել էին Կոնգրեսի կողմը: Մի քանի ժամ անց Կաստիլիոն ձերբակալվել էր իրավապահների կողմից՝ հասարակական կարգը լրջորեն խախտելու, լիազորությունները չարաշահելու և խռովություն հրահրելու փորձի մեղադրանքով:

Բոլուարտեն դարձել է առաջին կինը Պերուի նախագահի պաշտոնում: Իր պաշտոնակալության ելույթում նա դատապարտել է «Կաստիլիոյի ձեռնարկած պետական հեղաշրջան փորձը» և «բոլոր քաղաքական ուժերի՝ ինչպես Կոնգրեսում ներկայացված, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի միջև ընդգրկուն երկխոսության» կոչ է արել: Նա նաև հայտարարել է այնպիսի կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, որի մեջ մտնեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս