ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, ՊԲ-ի առաքելությունը բնակչության պաշտպանությունն է. Արարատ Միրզոյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի միջանցքը մի քանի ժամով փակելուն։

«Կարծում եմ՝ այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել, իրադարձությունները բավականին միանշանակ են, մայրուղու՝ Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։  Պետք է արձանագրեմ, որ ռուս խաղաղապահ զորակազմի հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է։ Կարծում եմ՝ կողմերը միմյանց նկատմամբ կարող են դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռքբերված են, արձանագրված են ու ընդունված են բոլորի կողմից։  Նոր պահանջների դուրսբերումն ու ներկայացումը… անշուշտ, պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն,  և նոր պահանջների ներկայացումը կարող է միայն ուղղված լինել իրավիճակի սրացմանը, միտումնավոր, թե ոչ միտումնավոր՝ արդեն մեկնաբանության հարց է»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Խոսելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության մասին, թե իբր Լաչինի միջանցքը ոչ նպատակային է օգտագործվում, և Արցախում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ կան, Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում։

«Մենք գիտենք, որ Արցախն ունի բանակ, և այս միավորման անվանումը՝ Պաշտպանության բանակ, ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանությունն է, ինքնապաշտպանությունը։ Այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է, կարող ենք ինքներս դատել՝ հետևելով լրահոսին, նկատի ունեմ այն լուրերին, որոնք ընթանում են ԼՂ շուրջ։  ԼՂ հայության վրա շարունակում են կրակել նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, գազն են փակում և այլն։ Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ, կարծում եմ՝ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել այդ հարցը»

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս