Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացվեցին Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության արդյունքները
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, «ՕքսԵՋեն» հիմնադրամի եւ «Բրեվիս» հետազոտական ընկերության ներկայացուցիչները շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության հիմնական բացահայտումները եւ պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Համաժողովին ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի եւ սպորտի, ընտանիքի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունների աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզի առողջապահական եւ կրթական հաստատությունների տնօրեններ, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովը բացեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Զեկուցումներով հանդես եկան ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը, «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը, «Բրեվիս» ընկերության վերլուծաբան Մարիամ Ամիրջանյանը։
Ըստ զեկուցողների՝ Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի հունիս ամսին՝ նպատակ ունենալով պարզել Հայաստանում 18-49 տարեկան՝ երբեւէ հղիություն ունեցած կանանց, նրանց ընտանիքի անդամների մոտեցումները եւ տրամադրվածությունները երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին։ Հետազոտությունը խնդիր ուներ գնահատելու Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները, ինչպես նաեւ այս ասպարեզում փոփոխությունները եւ միտումները վերջին 5 տարվա ընթացքում՝ անցկացնելով համեմատական վերլուծություն 2017 թվականին իրականացված հետազոտության հետ:
Հետազոտությունն իրականացվել է քանակական եւ որակական մեթոդների համադրությամբ՝ կիրառելով տվյալների հավաքման 3 մեթոդ՝ փաստաթղթերի վերլուծություն, հեռախոսային հարցազրույցներ 1920 կանանց հետ եւ ֆոկուս խմբային քննարկումներ ոլորտում ներգրավված որոշում կայացնողների, բուժաշխատողների, փորձագետների եւ ամուսնացած կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ։ Համեմատական վերլուծությունը հնարավոր դարձնելու համար կիրառվել է 2017 թվականի հետազոտության մեթոդաբանությունը եւ ընտրանքի չափը։
Ընդհանուր առմամբ, բոլոր մարզերում հավասար նախապատվություն տվողների տեսակարար կշիռը 2017 թվականի համեմատ նվազել է, ավելացել են տղա կամ աղջիկ նախընտրողների բաժինները: Ընտանիքում տղաներին նախապատվություն տալիս է հարցվածների 18 տոկոսը, իսկ աղջիկներին՝ 11 տոկոսը, այն դեպքում, երբ 2017-ին տղաների նախապատվությունը 13 տոկոս էր իսկ աղջիկներինը՝ 5 տոկոս:
Համաձայն 2022 թվականի հարցման արդյունքների՝ իրենց ընտանիքում երկու սեռին էլ հավասար վերաբերվելու մասին պնդում է արել հարցվածների 70 տոկոսը: Մինչդեռ հարցվածների ավելի փոքր մասը՝ 36 տոկոսն է կարծում, որ իրենց շրջապատում հավասար նախապատվություն են տալիս երկու սեռին էլ։
Հավասար նախապատվության ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքում է՝ 60 տոկոս: 2017 թվականին հետազոտության արդյունքներով այս ցուցանիշը 75 տոկոս էր։ Ամենալավ ցուցանիշը Կոտայքինն է՝ 77 տոկոս։ Հավասար նախապատվության ցուցանիշներն ուղիղ համեմատական են հարցվածների կրթական աստիճանին եւ եկամուտներին․ երկու սեռի երեխային էլ հավասար վերաբերվողների 75 տոկոսը բարձրագույն եւ հետբուհական կրթություն ունի, դարձյալ 75 տոկոսը՝ ավելի բարձր եկամուտ։
Աղջիկների կամ տղաների նախապատվության ցուցանիշներն՝ ըստ մարզերի դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ տղաներին ամենաշատը նախապատվություն են տալիս Գեղարքունիքի մարզում (այս մարզից հարցման մասնակիցների 33 տոկոսը)։ Տավուշը միակ մարզն է, որտեղ աղջիկներին ընտանիքում նախապատվություն տվողների տեսակարար կշիռը ավելի մեծ է՝ 17 տոկոս։ Ընդ որում, Տավուշի մարզում աղջիկների նախապատվությունը 2022 թ․ աճել է՝ 2017 թվականի տվյալների համեմատ։ ԸՍտ զեկուցողների՝ Երևանում այդ ցուցանիշները հավասար են։
Համաժողովը եզրափակվեց «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլի ուժերով բեմադրված «100 տարի անց» ներկայացմամբ, որը պատմում է 20-րդ դարի հայ հասարակական-քաղաքական կյանքում մեծ դերակատարում ունեցած հայազգի կանանց մասին։
«Համաժողովի, ինչպես նաեւ պտղի սեռով պայմանավորված խտրականության դեմ ձեռնարկվող միջոցառումների նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ հայ ընտանիքներում բացառվեն պտղի սեռով պայմանավորված խտրականության դրսեւորումները, որոնք հանգեցնում են հղիության արհեստական ընդհատումներին։ Համոզված եմ, որ մեր համատեղ պայքարն արդյունավետ է, ու այն պետք է շարունակվի»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Հետազոտությունն իրականացվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եւ հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային եւ հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Հետազոտությունն իրականացրել է «Բրեվիս» ընկերությունը։
Խոսրով Խլղաթյան