ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանն իր անվտանգային համակարգի վերաբերյալ քաղաքական աջակցություն է ունեցել. Արտակ Զաքարյան
«ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» խորագրով քննարկմանը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ներկայացրեց, թե ինչ է տվել ՀԱՊԿ-ն Հայաստանին ռազմական և քաղաքական առումով:
Նախ, ըստ նրա, առաջին հերթին կազմակերպությունը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ևս մեկ լրացուցիչ խթան է՝ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական իմաստով:
«ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանը կարողացել է Բելառուսի հետ ունենալ ռազմատեխնիկական համագործակցություն»,- մասնավորապես, նշեց Զաքարյանը:
Քաղաքական առումով, ըստ պաշտպանության նախկին նախարարի, ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանն իր անվտանգային համակարգի վերաբերյալ քաղաքական աջակցություն է ունեցել: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը հիշեցրեց 2016-ի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանը, որը վարել էր 2015-2016թթ. նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, և, որ նստաշրջանի արդյունքների ամփոփմանը ՀԱՊԿ անդամ երկրները ՀՀ-ին քաղաքական աջակցության որոշում կայացրեցին:
Նշենք, որ 2016-ի հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասվում էր.
«ՀԱՊԿ շրջանակներում գործընկերներն աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա»:
Արտակ Զաքարյանի խոսքով, երկիրն իր արտաքին քաղաքականությամբ պետք է կարողանա անգամ հակադիր շահերի միասնականության կետեր գտնել, ոչ թե խորացնել գոյություն ունեցող խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում