Որո՞նք են աշխարհում ամենատարածված և վտանգավոր հիվանդությունները
Ներկայումս աշխարհում հիվանդացության և մահացության առումով առաջատար դիրքերից մեկը զբաղեցնում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ)՝ զիջելով միայն սրտի իշեմիկ հիվանդությանը և ինսուլտին: Ի՞նչ է դա և ինչպե՞ս խուսափել դրանից:
shantnews-ի փոխանցմամբ՝ ԹՔՕՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն այս մասին aif.ru-ին ասել է ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Սերգեյ Ավդեևը։
«ԹՔՕՀ-ը՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, հաճախ կոչվում է ծխողների հիվանդություն: Եվ դա զարմանալի չէ, քանի որ հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոնը ծխախոտի ծխի ներթափանցումն է ակտիվ և պասիվ ծխելու ժամանակ։ Այնուամենայնիվ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ախտանիշները կարող են ի հայտ գալ ծխելը սկսելուց շատ տարիներ անց: Հիվանդությունը կարող է երկար ժամանակ առանց ախտանիշի ընթանալ, սակայն չբուժելու դեպքում շնչուղիների օբստրուկցիան զարգանում է»,- ասել է թոքաբանը։
Բժիշկը հավելել է, որ ԹՔՕՀ-ի հիմնական ախտանշանները՝ շնչահեղձություն, քրոնիկ հազ, հոգնածություն, սովորաբար սկսում են զարգանալ 40-45 տարեկանից հետո: Սրման ժամանակ ԹՔՕՀ-ի ախտանշանները դառնում են ավելի սուր և կարող են պահանջել հոսպիտալացում՝ շտապ բժշկական օգնություն ստանալու համար:
Վաղ ախտորոշումը և բուժումը կարող են օգնել դանդաղեցնել ախտանիշների վատթարացումը և նվազեցնել սրման վտանգը: Իսկ ԹՔՕՀ-ով հիվանդները ավելի լավ ինքնազգացողության համար պետք է հրաժարվեն ծխելուց, ուշադրություն դարձնեն ամենօրյա ֆիզիկական ակտիվությանը և մաքուր օդում զբոսանքներին, պետք է պատվաստվեն կորոնավիրուսային վարակի, գրիպի և թոքաբորբի դեմ։