«Հորովել» անսամբլը 50-ամյակին նվիրված համերգաշրջանը եզրափակել է երևանյան ելույթով
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը հիմնադրման 50-ամյակին նվիրված համերգաշրջանը եզրափակել է երևանյան համերգով:
Երեկոն տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Երեկոյին հնչել են հայ ժողովրդական երգի և պարի բեմական յուրօրինակ մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների` արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ` երկրի սահմաններից դուրս։
Համերգին ելույթ են ունեցել վաստակավոր կոլեկտիվներ «Բերդ» պարային անսամբլը, Պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլը, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլը, ինչպես նաև երգիչներ Թովմաս Պողոսյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո):
Համերգի ռեժիսորն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը: Գեղարվեստական ղեկավարն Արմեն Ներսիսյանն էր, երաժշտական մասի ղեկավարը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյանը, գլխավոր բալետմայստերը Արայիկ Գևորգյանն էր:
Անսամբլի մի շարք արտիստներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով, իսկ անսամբլի հիմնադիր երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը՝ նախարարության Ոսկե մեդալով: Անսամբլն իր հերթին «50-ամյա Հորովել» հուշամեդալներով պարգևատրել է գործընկեր անսամբլներին, Թովմաս Պողոսյանին, Արսեն Գրիգորյանին, Արամ Սուքիասյանին:
Շուրջ 20 և ավելի տարի «Հորովել»-ի գլխավոր բալետմայստերը եղել է ՀՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը: Այս տարիների ընթացքում անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել շուրջ 25 և ավելի երկրներում: Նոր ստեղծագործությունների կողքին համույթը մինչ օրս պահպանում և շարունակում է հիացնել հանդիսատեսին վերը նշված արտիստների բեմադրություններով և ստեղծագործություններով:
Համույթը հոբելյանական համերգներով ելույթ է ունեցել նաև Գյումրիում, Վանաձորում՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափողջույններին: