Բաժիններ՝

Հայաստանի և Կոսովոյի հավաքականները գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու դեմ։ Գոլառատ խաղում թիմերը դաշտից հեռացան՝ հաղթողին չպարզելով։

Խաղի մեկնարկին ավելի լավ տեսք ուներ Հայաստանի ազգային հավաքականը, որը սուր հակագրոհներ անցկացնելու առիթը բաց չէր թողնում։ Ընդհանրապես Հայաստանի հավաքականի գրոհներն ավելի վտանգավոր էին ու նպատակային, ինչն էլ շուտով տվեց իր արդյունքը։ 24-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հերթական հակագրոհն ավարտվեց գոլով․ աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը, ով, ստանալով Էդգար Բաբայանի փոխանցումը, արագությամբ գերազանցեց մրցակցի պաշտպանին, սուր անկյան տակ ներխուժեց տուգանային հրապարակ և փափուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Խփալ գոլից հետո էլ Հայաստանի հավաքականն ավելի վստահ տեսք ուներ։ Մեր ֆուտբոլիստների խաղն ավելի լավ էր ստացվում բոլոր օղակներում, իսկ Կոսովոյի թիմի մոտ առաջին կեսում մեծ հաշվով ոչինչ չէր ստացվում։

Երկրորդ խաղակեսում պատկերը մի փոքր փոխվեց։ Կոսովոյի հավաքականի ուտբոլիստներն ավելի ակտիվ սկսեցին երկրորդ կեսը, մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին մեր դարպասի մոտ։ Մի քանի անգամ Հայաստանին հավաքականին գոլ բաց թողնելուց փրկեց դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը, սակայն, ի վերջո, Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստներ կարողացան հավասարեցնել հաշիվը։ Հերթական վտանգավոր գրոհի ժամանակ մրցակցի ֆուտբոլիստի եզրային փոխանցումից հետո տուգանային հրապարակում կանոնները խախտեց Հովհաննես Հարությունյանը, որից հետո մրցավարը 11 մետրանոց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին։ 11 մետրանոցը հստակ իրացրեց Լիրիմ Կաստրատին։

Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականը չհուսալքվեց և առաջ նետվեց հաղթական գնդակի հետևից։ 82-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը, օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից, ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, սառնասիրտ հնարքով խաբեց մրցակցի ևս մեկ պաշտպանի ու հաշվի մեջ առաջ մղեց Հայաստանի հավաքականին։

Կոսովոյի հավաքականը, սակայն, պարտության հետ համաձայն չէր։ Մրցակցի ֆուտբոլիստները բաց թողած գոլից հետո ակտիվացան և, ի վերջո, կարողացան փրկել խաղը։ Խաղի վերջնամասում Կոսովոյի հավաքականն օգտվեց Վարազդատ Հարոյանի սխալից, ով տուգանային հրապարակի մատույցներում սայթաքեց, չկարողացավ չեզոքացնել մրցակցի ֆուտբոլիստին, որն էլ հարմար դիրքից հարվածեց․ գնդակը դիպավ Հայաստանի հավաքականի պաշտպանի ոտքին, շեղեց ուղությունն ու հայտնվեց դարպասում։ Չնայած գնդակը Հայաստանի հավաքականի դարպասում հայտնվեց Ստյոպա Մկրտչյանի ոտքից՝ գոլը գրանցվեց Կոսովոյի ֆուտբոլիստ Դոնատ Ռուդհանիի անվան դիմաց։

Մնացած ժամանակահատվածում թիմերին չհաջողվեց նոր փոփոխություն մտցնել հաշվի մեջ։ Հայաստանն ու Կոսովոն բաժանվեցին խաղաղ ելքով։

Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 19-ին՝ մրցակցի հարկի տակ խաղալով Ալբանիայի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս