Հրավառություն իրականացնելու թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները կսահմանի Երևանի ավագանին
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2022 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի պահանջներով՝ Երևան քաղաքի ավագանին կսահմանի Երևան քաղաքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները:
Պահանջներն ու պայմանները հետևյալն են. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացվում է Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից: Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հանրապետության հրապարակում, Ազատության հրապարակում և դրանց կից հարակից տարածքներում:
Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով նախատեսված տոնական օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ տոնական օրերին:
Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունն իրականացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով (նախաձեռնությամբ):
Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տեսակի շենքերում, շինություններում և կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա (սպասարկման) տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, շենքերի ճակատների ելուստային մասերում, բեմահարթակներում, ինչպես նաև ցույցերի և քայլերթերի ժամանակ: Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն անցկացնելու վայրերում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ:
Քննարկվող նախագծում նշված է նաև, որ հրավառությունը՝ հրագործական նյութի (արտադրանքի) և հրագործական բաղադրիչի ծրագրված կիրառումն է, որը կարող է վտանգել մարդու կյանքը, առողջությունը և վնասներ պատճառել շրջակա միջավայրին ու գույքին: Նույն օրենքով սահմանված է նաև տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության հասկացությունը, այն է՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիք և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում: