Իտալիայում հայտնաբերվել են 2300 տարվա հնության բրոնզե արձաններ՝ լավ պահպանված վիճակում
Իտալացի հնագետները Տոսկանայում հայտնաբերել են 24 հրաշալիորեն պահպանված բրոնզե արձաններ, որոնք, ամենայն հավանականությամբ, թվագրվում են հին Հռոմի ժամանակաշրջանին:
Արձանները հայտնաբերվել են հնագույն բաղնիքի ցեխոտ ավերակների տակ Սան Կաշանո դեյ Բանյիում՝ բլրի գագաթին գտնվող Սիենա քաղաքում՝ մայրաքաղաք Հռոմից մոտ 160 կմ դեպի հյուսիս, հաղորդում է BBC-ն:
Հիգեային, Ապոլոնին և հունահռոմեական այլ աստվածներին պատկերող արձանները, ըստ երևույթին, մոտ 2300 տարեկան են:
Արձանների մեծ մասը, որոնք գտնվել են լոգարանների տակ ընկղմված մոտ 6000 բրոնզե, արծաթե և ոսկե մետաղադրամների կողքին, թվագրվում են մ.թ.ա 2-րդ դարից մինչև մ.թ. 1-ին դարերին: Ըստ Իտալիայի մշակույթի նախարարության՝ նշված դարաշրջանում հին Տոսկանայում մեծ վերափոխումների ժամանակաշրջան է եղել, քանի որ տարածքը էտրուսկյան տիրապետությունից անցել է Հռոմեական տիրապետության տակ:
Պեղումների ղեկավար Յակոպո Տաբոլլին ենթադրում է, որ արձանները ինչ-որ ծիսակարգով ընկղմել են թերմալ ջրերի մեջ: Ջրի տակ պահպանված արձանները կտեղափոխվեն մոտակա Գրոսետոյի վերականգնողական լաբորատորիա, որից հետո կցուցադրվեն Սան Կաշանոյի նոր թանգարանում:
Իտալիայի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Մասիմո Օսաննան նշել է, որ 1972 թ.-ին «Ռիաչեի զինվորների» արձանների (մ.թ.ա. 460-450 թթ.) հայտնաբերումից ի վեր սա ամենակարևոր հայտնագործությունն է և «անշուշտ, Միջերկրական ծովի ավազանի հին պատմության երբևէ հայտնաբերված ամենակարևոր բրոնզե գտածոներից մեկը»: