«Պետք է աչալուրջ լինենք, H1N1-ի ենթաշտամերը բավականին ագրեսիվ են». Անահիտ Ավանեսյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս պահին կա H1N1 ախտորոշմամբ պացիենտ, որի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
«Այդ պացիենտը ստանում է իր բուժումը։ Մենք պետք է աչալուրջ լինենք, որովհետև գրիպի այս ենթաշտամերը բավականին ագրեսիվ են, խրոնիկ հիվանդություններով, և մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ։ Եվս մեկ անգամ հորդորում ու խրախուսում եմ, որպեսզի մարդիկ գնան պոլիկլինիկա՝ պատվաստվելու գրիպի դեմ, գրիպի պատվաստանյութը ներառում է նաև հենց այս շտամն իր մեջ՝ հակամարմինները, և կարևոր է, որպեսզի այս ընթացքում ունենանք պաշտպանության բավարար շերտ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Ըստ Առողջապահության նախարարի, կարող են պատվաստվել մինչև 12 տարեկան երեխաները և 65 տարեկանից բարձր քաղաքացիները, խրոնիկ հիվանդություններով քաղաքացիներն էլ առաջնահերթություն ունեն։
Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև երեկ Արմավիրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին և տեղեկացրեց, որ վիրավորների առողջական վիճակը հսկողության տակ է, անհրաժեշտ բժշկական միջամտություններն արվում են։
Անդրադարձավ նաև հոկտեմբերի վերջին հայկական կողմին փոխանցված 10 հայ զինծառայողների մարմինների ճակատագրին ու փորձաքննական աշխատանքին: Անահիտ Ավանեսյանն ասաց, որ 5 զինծառայողների պարագայում արդեն կա հաստատված փորձաքննության արդյունքներ, մյուսների վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում