Ալեն Սիմոնյանին զանգեք, թող ինքը մեկնաբանի. Մարուքյանը՝ Սիմոնյանի՝ իրենց ամենապրոռուսականը համարելու մասին
2013 թվականին Ալեն Սիմոնյանի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ԿԳԲ-շնիկ գյադա» էր. ավելին, Սիմոնյանի զզվանքը գալիս էր, երբ նայում էր ռուսներին և նրանց «ԿԳԲ-շնիկ» գյադա չընտրված նախագահ Պուտինին։ Այս մասին Սիմոնյանը գրել էր դեռևս 2013 թվականի հոկտեմբերին։
«Հաճախակի է վերջերս խոսվում նախագահ Սահակաշվիլու մասին: Հիմնականում ուշադրությունս գրավել է ռուսական մամուլի չարախնդությունը՝ կապված Սահակաշվիլու ղեկավարման ժամկետի և ապագա հեռանալու հետ: Զզվանքս գալիս է ռուսներին նայելիս, երբ, մոռանալով իրենց ԿԳԲ-շնիկ գյադա չընտրված նախագահին, ծաղրում են Սահակաշվիլուն: Գուցե Ռուսաստանի պես բազմազգ ու մեծ երկրին պետք է նման մեկը, որ այդ երկիրը չմասնատվի, բայց դա առիթ չէ հարևան երկրի նախագահին ամեն պատեհ-անպատեհ առիթով ստորացնելու: Եվ այդ ռուսական ստոր պրոպագանդան ներմուծվում է նաև մեր երկիր: Հա, նենց չի, որ Սահակաշվիլու օրոք Վրաստանում ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լիներ, բայց միանշանակ է, որ նա ընտրված է իր ժողովրդի կողմից: Միանշանակ է, որ ստեղծված է մեխանիզմ, որով վրացին կարողանում է ընտրությունով իր երկրում հարց լուծել: Միանշանակ է, որ Վրաստանի բնակչության թիվն աճում է: Եվ ինձ համար միանշանակ է, որ մի օր Թիֆլիսի կենտրոնում Սահակաշվիլուն արձան են կանգնեցնելու, որպես մեծ նախագահ: Ուրախացնում է մի բան, որ նրա մեջ կարծես թե հոսում է նաև հայկական արյուն»,- գրել էր նա 2013թ., որը, պաշտոնի անցնելուց հետո, իհարկե, ջնջել էր ֆեյսբուքյան իր էջից:
2013 թվականին Ալեն Սիմոնյանը շարքային հակառուս ակտիվիստ էր, 2018 թվականից հետո՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչ, հիմա՝ ՀՀ ԱԺ նախագահ և, տարօրինակորեն, ռուսների նկատմամբ իր զզվանքը վերածվել է մեծ հպարտության. հիմա Սիմոնյանն իրեն բախտավոր է զգում, երբ կարողանում է գոնե մի քանի մետրից տեսնել, իր ձևակերմամբ, «ԿԳԲ-շնիկ» գյադային, երբեմն էլ հանդիպել ՌԴ իշխանավորներին։
Ալեն Սիմոնյանը հիմա հայտարարում է, որ իրենց ՔՊ-ական իշխանությունը ամենապրոռուսականն է՝ Հայաստանի նախորդ բոլոր իշխանություններից։
«Հայաստանի Հանրապետությունում այսօրվա իշխանությունը թերևս ամենապրոռուսականներից մեկն է: Վերջին այցի ժամանակ, նույնիսկ տեսագրությունը կա, երբ ՌԴ Պետդումայի ղեկավարը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ՝ հանրապետական իշխանությունների ժամանակ, այդ շփումները բավարար չեն եղել, մենք ունեցել ենք ԱԺ նախագահ, որն ընդհանրապես, իրենց բառով ասած՝ невыездной է եղել, ունեցել ենք մարդիկ, որոնք ռուսերենին չեն տիրապետել, և մեր կապերը շատ ավելի վատ են եղել: Այսօր մենք ունենք միջպառլամենտական շատ ավելի սերտ հարաբերություններ, իսկ Սերժ Սարգսյանի իշխանության վերաբերյալ, այսպես ասեմ՝ ամենաբացասական արձագանքը Ռուսաստանում լսել եմ Սերժ Սարգսյանի՝ Հանրապետականի, 10 տարվա կառավարման ժամանակահատվածի մասին»,- օրերս լրագրողների հետ ճեպազրույցում հպարտությամբ ասել է Սիմոնյանը:
168.am–ը փորձեց Փաշինյանի իշխանության մեկ այլ ներկայացուցչից՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանից, հետաքրքրվել՝ համաձա՞յն է արդյոք Ալեն Սիմոնյանի հնչեցրած գնահատականի հետ, թե՞ ոչ, եթե այո՝ ինչո՞վ կհիմնավորի այս իշխանության ամենապրոռուսականությունը, եթե ոչ՝ ինչով։
168.am–ի հարցից նախ Էդմոն Մարուքյանը զարմացավ՝ հետաքրքրվելով՝ ինչո՞ւ ենք այս հարցն իրեն ուղղում, ապա հավելեց.
«Ալեն Սիմոնյանին զանգեք, թող ինքը մեկնաբանի»։