Հայաստանն ազատ ու ժողովրդավար երկիր է, սակայն դրա համար մենք շատ բարձր գին ենք վճարում, այն է՝ պատերազմը. ՀՀ ԱԺ պատվիրակությունը Կանադայում էր

«Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում օրերս Օտտավայում գտնվող ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթի հետ հանդիպմանն, անդրադառնալով արդի տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծել է Արցախի անկախության ճանաչմանն օժանդակելու անհրաժեշտությունը, միաժամանակ ահազանգել, որ Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին միայնակ թողնելը բերելու է Ադրբեջանի կողմից հայրենի Արցախում բնակվող հայության նոր ցեղասպանության:

Ինչպես  տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Օլիֆանթը բարձր է գնահատել 2018 թ. խաղաղ հեղափոխությունը եւ դրանից հետո մեկնարկած երկրի ժողովրդավարացման գործընթացները ու հայտնել Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին:

Ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ Հայաստանի պատվիրակության կազմից ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Էնթոնի Ռոտայի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հատկապես դրանից հետո միջազգային գործընկերները Հայաստանը բնորոշում են որպես ժողովրդավար փոքրիկ կղզի՝ թուրքական մեծ ծովում, որին պետք է պաշտպանել: Հանդիպմանը հատկապես կարեւորվել է ժողովրդավար երկրների դերն ավտորիտար Ադրբեջանից մեր «ժողովրդավար կղզու» պաշտպանության հարցում:

Հայ պատգամավորն ընդգծել է. «Հայաստանն ազատ ու ժողովրդավար երկիր է, սակայն դրա համար մենք շատ «բարձր գին» ենք վճարում, այն է՝ պատերազմը, սակայն մեզ համար մեր երկրի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը կարմիր գիծ են»:

Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակն էլ իր հերթին նշել է, որ Կանադան՝ որպես ժողովրդավարական երկիր, պարտավոր է աջակցել ժողովրդավարական Հայաստանին՝ իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության հարցում, այլապես այն խնդիրը, որն ունի Հայաստանը, վաղը կարող է ունենալ Կանադան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հայ-կանադական բարեկամությանը, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը եւ այլ հարցերի:

Կանադայի խորհրդարանում հայկական պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու խորհրդարանական կապերը՝ այդ թվում երկկողմ փոխայցելությունների միջոցով:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը Կանադա այցի շրջանակում ունեցել է մի շարք հանդիպումներ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել համատեղ պայմանավորվածություններ՝ շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ՝ ձեռք բերելու լավագույն պրակտիկան, որն ունի Կանադայի խորհրդարանը եւ կանադական պառլամենտական կենտրոնի հետ համատեղ ստեղծելու խորհրդարանների միջեւ համագործակցությունը խորացնելու նոր պլատֆորմ:

Ի պատիվ հայ պատվիրակության՝ ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են Կանադայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի, արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս