«Եթե սերը անուն ունենար, կկոչվեր Արեն». 44-օրյա պատերազմում զոհված Արեն Հովհաննիսյանին նվիրված ներկայացման մեջ խաղում է նաև հերոսի մայրը

«Ինձ հետ կանչեք և ես կգամ». 44-օրյա պատերազմում զոհված Արեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված ներկայացումը ապրելու, սիրելու, հայրենիքի համար կյանքը չխնայելու, սևը սպիտակի փոխելու, խավարին լույսով հաղթելու մասին է: Արենի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացուման մեջ մոր կերպարում հանդես է գալիս հենց հերոսի մայրը՝ տիկին Մելինեն: Արենն ապրել է արվեստով, սիրել և անսահման սեր է տվել շրջապատին, և պատահական չի ծնվել հետևյալ արտահայտությունը. «Եթե սերը անուն ունենար, կկոչվեր Արեն»:

Արենը սովորում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում, փոխադրվելու էր չորրորդ կուրս: Նա հնարավորություն է ունեցել տարկետում վերցնել, բայց որոշել է մեկնել ծառայության:

Ներկայացումը պատերազմի մասին չէ, սկսվում է «Վերջին զանգ»-ով: Մի խումբ երիտասարդներ ակտիվ քննարկում են իրենց ներկան և պլանավորում ապագան: Արենը ևս պլաններ ունի, իսկ դրանցից ամենակարևորը գեղեցկուհի ընկերուհու հետ ամուսնանալն է: Արենի ապագայի բանաձևն է. «Իմ հավատք+իմ տուն+իմ հայրենիք»:

Ներկայացման մեջ Արենին մարմնավորում է Գոռը, իսկ նրա ընկերուհու կերպարում հանդես է գալիս Էվելինան, որի հետ, ինչպես ներկայացման ավարտից հետո պարզվեց, Ալենը ցանկացել է Շեքսպիրի «Ռեմեո և Ջուլիետ» ստեղծագործությունը բեմադրել: «Ինձ հետ կանչեք և ես կգամ» ներկայացման մեջ էլ է անդրադարձ կատարվում Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությանը:

Ներկայացման մեջ Արենը բանակ է գնում՝ խոստումով, որ վերադառնալու է: Ընկերուհին սպասում է նրան, նույնիսկ նվեր է գնել՝ Արենի ծննդյան օրվա առիթով, բայց փոխարենը Արենից ստանում է նամակ… Արենն այլևս չի գալու, ընկերները սգում են: Բեմում հայտնվում է Արենի մայրը, երիտասարդների ձեռքից վերցնում խորհրդանշական սև կտորը՝ այն փոխարինելով սպիտակով:

Տիկին Մելինեն լուռ էր, դահլիճը՝ հուզված, ապագայի տեսլականը՝ անորոշ: Միայն մի բան է հստակ՝ հանձնվել չկա, պետք է մինչև վերջ պայքարել, ինչն Արենը ցույց է տվել իր օրինակով:

Ներկայացումը բեմադրվել էր Աիդաարտ թատրոնի, Պատանեկության ստեղծագործական կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ՝ տիկնիկային թատրոնի բեմում: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ թատրոնի ղեկավարությունը դահլիճը տրամադրելու համար գումար է վերցրել, թեպետ երկուշաբթի օրերը թատրոնի ազատ օրերն են, իսկ Արեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված ներկայացումը կոմերցիոն չէր:

Արենի մոր ցանկությունն է՝ ներկայացումը ավելի լայն տարածում ունենա, կարողանան այն ներկայացնել ինչպես մարզերում, այնպես էլ Սփյուռքում:

Տեսանյութեր

Լրահոս