«Ուշադրություն. Հայաստանի իշխանության կուսակցությունն անցկացնում է ՀՀ նախագահի ընտրություններ»

Հարցազրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

– Պարոն Բլեյան, ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք 2008թ. և 2013թ. նախագահական ընտրությունների միջև:

– Տարբերությունը մեծ է: Այսպես. 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը տեսանելի էր, վկան` նրա բազմամարդ նախընտրական հանդիպումները: Նա իրական ձայներ ունեցող թեկնածու էր: Նա առանց ԶԼՄ-ների կարող էր անցկացնել իր քարոզարշավը` որպես կենդանի շփում մեծաթիվ ու իրական ընտրողների հետ: 2008թ. և 2013թ. նախագահական ընտրությունները նույնիսկ չի կարելի համեմատել. դրանք տարբեր գործընթացներ են: 2008թ. Լ. Տեր-Պետրոսյանը` որպես ՀՀ առաջին նախագահ, ինչպես նաև Սերժ Սարգսյանը` որպես վարչապետ, պաշտպանված էին նաև օրենքով: Ահա ինչո՞ւ այն ժամանակ այսպիսի խնդիրներ չառաջացան, ինչպես, օրինակ, հացադուլը, քարոզչություն չանելը, Պարույրի առեղծը, որոնք բոլորն էլ ուշադրություն հրավիրելու մատչելի ձևեր են, ակնհայտ ընտրազանգված չունեցող թեկնածուի գործիքներ: 2013թ. այս երևույթները ես կանվանեի՝ մեզանում չձևավորված քաղաքական համակարգի դրսևորումներ:

– Այդ դեպքում ինչպե՞ս կբնորոշեք 2013թ. ընտրական գործընթացը:

Կարդացեք նաև

(Ծիծաղում է.- Մ.Մ.) ՀՀ նախագահի պոստը թափուր է, չէ՞, այսինքն` լրացել է նրա` ՀՀ օրենքով որոշված պաշտոնավարման ժամկետը, իսկ ՀՀ նախագահի պաշտոնը, էլի ՀՀ օրենքով, չի կարող թափուր մնալ: Ահա ինչու` գլխավոր արդյունքը կարող է լինել ընտրված նախագահ ունենալը:

– Այսինքն` կարևոր չէ՞, թե երկրի նախագահն ի՞նչ որակներ պետք է ունենա:

– Բոլոր տեսակի քաղաքական ընտրությունների իմաստն իշխանություն ձևավորելն է, չէ՞: Հիմա կան նախագահի թեկնածուներ, առկա է ընտրազանգվածը, կա ընթացակարգ, որով և փետրվարի 18-ին կանխորոշված թեկնածուն կդառնա ՀՀ նախագահ: Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ. բայց փաստ է` որպես հետևանք 1991թ. հռչակած Հայաստանի Հանրապետության 22 տարվա պատմության: Այդ առումով, կարծում եմ, լավ է ունենալ ընտրված նախագահ: 1996-ից սկսած` Հայաստանում քաղաքական-իրավական համակարգի ու քաղաքական-իրավական ընտրության բացակայությունն այնքան ցցուն չէր, որովհետև գործող նախագահին` որպես իշխանության կուսակցության թեկնածուի, հակադրվում էր բողոքավոր մեծաքանակ բազմության շահերի արտահայտիչը, և այդ պայքարը կոշտ էր այնպես, որ իր լուծումը չէր ստանում անգամ քվեարկության օրը և քվեարկության արդյունքում: Վկան` երկարատև, դրամատիկ ետընտրական զարգացումները, կրկնում եմ` սկսած 1996թ.-ից: Հիմա այդպես չէ, և արհեստական դրամատիզմը ի՞նչ է տալիս, ի՞նչ կարող է տալ մեր կյանքին: Ինչո՞ւ ենք խուսափում լուրջ հարցերը բարձրաձայնելուց, խաղաղ քննարկելուց, երբ այս նախընտրական շրջանին հենց դա իմաստ կհաղորդեր:

– Ովքե՞ր են խուսափում:

– Այս կամ այն ձևով, այս կամ այն չափով բոլորս ենք խուսափում: Փաստ է, որ գործ ունենք օրենքով` բազմակուսակցական, բայց գործող միակուսակցական համակարգի հետ: Համարենք սա խորհրդային իներցիայի հաղթանակը մեզանում, որը պատմություն ունի, միանգամից չեղավ. հիշենք 1995թ. Ազգային ժողովի ընտրության ժամանակ ՀՀՇ-ի կողմից «Հանրապետություն» բլոկի ձևավորումը և նրա «բացահայտ» հաղթանակը ընտրություններում: Սրա զարգացումը չէ՞ր 2012թ. Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական բլոկի հաղթանակը: Սրան ավելացրեք այն, որ հանրապետության համայնքների 73%-ի (մեջբերում եմ Ահարոն Ադիբեկյանի հրապարակած ցուցանիշը), պետական կազմակերպությունների ղեկավարների 90%-ը և ավելին, տնտեսավարողների ճնշող մեծամասնությունը ներկայացնում են նույն կուսակցությունը կամ բլոկը: Ուշադրություն. Հայաստանի իշխանության կուսակցությունն անցկացնում է ՀՀ նախագահի ընտրություններ:

– Այդ դեպքում մյուս 7 թեկնածուներն ինչո՞ւ առաջադրեցին իրենց թեկնածությունները: Նրանք չէի՞ն տեսնում Ձեր նշած միակուսակցական համակարգը:

– Ինչո՞ւ ես պատասխանեմ: Հիշեցնում եմ, որ ես քաղաքագետ չեմ, կուսակցական գործիչ չեմ. ես հանրային գործիչ եմ, ով այս ընտրություններում ներկայացված է` որպես ընտրող, և հետապնդում է ընտրողի շահեր: Ենթադրում եմ` ՀՀ նախագահի հարգելի թեկնածուներն ունեն իրենց հիմնավորումները` ինձ ու քեզ ընդունելի կամ անընդունելիգ Իրավունք է` գործում է: Ես ուզում եմ խոսել շոշափելի բաների մասին, որոնք չափելի են: Նրանք սոսկ անհատներ են. կենսագրությամբ, հավակնություններով պայմանավորված` կարող ենք ունենալ անձնական վերաբերմունք` համակրանք, հակակրանք: Նրանք չունեն ֆինանսական բավարար միջոցներ, չեն գլխավորում բողոքավոր զանգված, հանրապետությունով մեկ չունեն կազմակերպված շտաբներ, կառույցներ: Անվճար եթերաժամանակը վիճակը չի փոխում, որքան էլ ինչ-ինչ մտքեր, ցանկություններ, կոչեր հնչեցվեն: Ճամփան ո՛ւր, ճամփորդն ուր:

– Ինչո՞ւ ՀԱԿ-ը միայնակ թողեց իր ընտրազանգվածին: Ինչո՞ւ բոյկոտեց ընտրությունները, ինչո՞ւ չսատարեց իր պատգամավորի առաջադրած թեկնածությունը:

– Ես այդ ընտրազանգվածի ներկայացուցիչը չեմ: Հարցրել եք` պատասխանեմ. և՛ ՀԱԿ-ը, և՛ ԲՀԿ-ն մի անձի շուրջ հավաքված ձևավորումներ են, որոնց իրական ուժը Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանն են, ովքեր հապաղեցին կամ չխիզախեցին, և այդ ձևավորումները անելիքից զրկվեցին: Ցավում եմ, բայց ուժեղ անհատներն իրենց առաքելությունը չհամարեցին հանրապետությունում քաղաքական համակարգի ձևավորումը: Խնդիրը մինչև վերջին պահ բերվեց իրենց առաջադրվել-չառաջադրվելունգ Ի՞նչ կլինի հետո` դեռ վաղ է խոսելը, երբ ընտրությունը, գոնե ձևական, չի ավարտվել:

– Հասարակական անտարբերություն նկատո՞ւմ եք ընտրությունների, փոփոխությունների հանդեպ:

– Ճշտեք, խնդրում եմ` ի՞նչ ասել է` անտարբերություն, ինչպե՞ս է այն արտահայտվում:

– Այսինքն` իրենց վաղվա օրով չհետաքրքրվելը, առանց սպասելիքի ապրելը: Օրեր առաջ Արագածոտնի մարզում էի, որտեղ մարզի բնակիչների հետ զրուցեցի: Նրանց ասելով` իրենք ամեն ինչից հոգնել են, որևէ նոր սպասելիք չունեն, քանի որ, ըստ նրանց, ընտրությունների արդյունքը կանխորոշված է:

– Լավ է, որ Դուք պատմում եք այդ մասին, որովհետև ինձ հետաքրքրում է, թե սովորական մարդիկ ի՞նչ են մտածում: Եթե, իհարկե, կարելի է իմանալ… Մեզանում շիտակության, ազնվության պակաս կա, որ շատերն անվանում են ինքնապաշտպանություն: Ազնվության պակասն է հիմնական պատճառը, որ թույլ չի տալիս, որ մարդու կյանքով ձևավորվի քաղաքացիական հասարակարգ` իր քաղաքական համակարգով, որ մարդը բողոքավոր-փնթփնթան-անմեղսունակ-պահանջատեր ոմն-ից դառնա գործուն քաղաքացի` ընտրող, հարկատու, զինապարտ, սպառող…

Ընտրական գործընթացի մասնակիցներ են ոչ միայն իշխանության կուսակցությունը և իր թեկնածուն, այլև նախ և առաջ` ընտրողը: Ընտրողին սիրաշահելը իմ հաղթաթուղթը չի եղել ու չի լինի: Իշխանության կուսակցության վերափոխում (տրանսֆորմացիա) իշխող կուսակցության խնդիր, որ մեր օրակարգում է, և որը առանց ընտրողի չի լուծվելու: Այսօր սա նաև իշխանության կուսակցության թիվ մեկ խնդիրն է:

Չձևավորված քաղաքական համակարգն է սնում հասարակական անտարբերությունը, երբ չկա ընտրողը, բայց կա ընտրական գործընթաց, բայց չկա իշխող կուսակցություն, բազմակուսակցական քաղաքական համակարգ է հայտարարված, բայց կա իշխանության կուսակցություն: Իշխող կուսակցությունը ձևավորվում է ընտրություններով, երբ գիտակցում ես, որ և՛ ընտրածդ, և՛ չընտրածդ ընտրված է, և այդ դեպքում կարևոր չէ, որ դո՛ւ ընտրած լինես: Սա, կներեք, քրեստոմատիական դրույթ է` ես գիտեմ, որ չեմ ընտրել նրան, բայց գիտեմ, որ նա ընտրվել է: ՀՀ նախագահը և՛ իրեն ձայն տվածի, և՛ չտվածի նախագահն է. կարևորն ընտրված լինելու անհատական գիտակցությունն է և՛ ընտրողի, և՛ ընտրվածի համար:

Սա է, որ ուժ է տալիս ընտրվածին և դառնում օրինապաշտության ձևավորման աղբյուրը: Հակառակ սրան` քանի տարի շարունակ հասարակության մի մեծ հատվածի համար իր պաշտպանած թեկնածուի նախագահ չդառնալն այսչափ խորացրեց հասարակական նիհիլիզմը, բազմապատկեց անպաշտպանվածության զգացումը, խթանեց գաղթը: Ես ապրված բաներից եմ խոսում. 1990-1994թթ. սոդոմ-գոմորի հաղթահարման ակունքում` 1990-91թթ. ընտրություններն էին, իշխանության` ընտրված լինելու գիտակցումը: Որպես պատգամավոր` ես ունեցել եմ այդ գիտակցումը:

– Ի դեպ, հիմա չե՞ք ցանկանա դառնալ պատգամավոր:

– Հիմա` ո՛չ պատգամավոր, ո՛չ նախագահի թեկնածու, ո՛չ նախարար… Ես կրթահամալիրի ընտրված տնօրենն եմ: Օրվա հոգսը բավ է օրվա համար: Ես միշտ անում եմ այն, ինչի մասին ազնվություն եմ ունենում հրապարակավ հայտնելու:

– Պարոն Բլեյան, Ձեր խոսքի մեջ ընդգծեցիք ազնվության պակասի մասին: Արդյո՞ք ազնվության պակասը վախի հետևանք չէ:

– Հավի-ձվի հայտնի պատմությունն է: Իհարկե, վախեցած, վախկոտ վիճակն անընդհատ բերում է ինքնապաշտպանության, ինքնամեկուսացման, այրում-քանդում հասարակական կապերը: Կյանքը, կարծում եմ, համոզեց, որ առանց հասարակական պաշտպանության, առանց իրավական պետական տանիքի` ինքնապաշտպանություն չի իրականացվում: Այսինքն` եթե չի ձևավորվում հասարակություն`բառի դասական իմաստով, ապա ունենում ենք այն, ինչ ունենք: Եվ այս լուսնի տակ անվտանգ տեղ որոնելու այս փախեփախը հենց դրա ապացույցն է:

– Խեղճացրե՞լ են հային:

– Ո՞վ կարող է խեղճացնել հային: 1990-91թթ. մեկնարկից հետո, երբ ունեցանք ընտրված Ազգային ժողով, ընտրված նախագահ, նոր ձևավորվող քաղաքական ուժը` ՀՀՇ-ն, պետք է խնդիր դներ իր առջև, որ ՀՀ նոր ձևավորված իրավակարգով 1995թ.` Ազգային ժողովի, 1996թ.` նախագահական և դրան հաջորդող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով դառնար իշխող կուսակցություն, որ ընտրվեր: Ցավոք, ՀՀՇ-ն գնաց այլ ճանապարհով և ընտրությունները դրեց լուրջ կասկածի տակ` իր հաջողությունը համարելով ձևական քաղաքական համակարգը:

– Իսկ այս իրավիճակի համար պատասխանատու չէ՞ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

– Ես հիմա հակված չեմ խոսելու Լևոն Տեր-Պետրոսյանից կամ Գագիկ Ծառուկյանից: Ասվեց արդեն` կա՛մ դրա ժամանակը բաց ենք թողել, կա՛մ դրա ժամանակը կգա: Հիմա բոլորս պատասխանատու ենք մեր այսօրվա համար, մեր վաղվա համար, մնում է` գործենք պատասխանատվության այդ գիտակցումով:

– Ինչի՞ ճգնաժամ ունենք այսօր:

– Այսօր կա գաղափարական ճգնաժամ: Եվ դա` ոչ այն իմաստով, որ չկա գաղափար, այլ այն, որ գաղափարին տևական դավաճանում ենք: Գաղափարը` 1990-ին հռչակած իրավական, սոցիալական, ինքնիշխան, ժողովրդավարական պետության կառուցման գաղափարը, փաստորեն չյուրացվեց անհատական մակարդակում, չդարձավ հասարակությանը միավորող կենդանի գործ: Այսօրվա կյանքի պատվիրատուն այդ գաղափարը չէ, այլ ինչ-որ տարածքում ինչ-որ քանակի մարդկանց մաքառումը:

– Իսկ ի՞նչ կփոխեն ընտրությունները:

– Կոմիտասով ավարտեմ. «Բերնեն ականջ` շատ է կարճ, խոսքեն գործ` շատ երկար: Ճանապարհ կա անցնելու, ճանապարհ»…

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս