Ինչի՞ վրա է հույսը դրել կառավարությունը
Կառավարության բախտն այս տարի ակնհայտորեն բերեց. ի տարբերություն շատ երկրների, ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները Հայաստանի տնտեսության օգտին էին։ Դրանք մեծապես նպաստեցին տնտեսական աճի բարձր ցուցանիշների ապահովմանը։
Բայց այդ աճերն իրականում մեր տնտեսության հետ քիչ կապ ունեին. Ռուսաստանից մարդկանց ու կապիտալի հոսքերի կտրուկ ավելացումը հանգեցրեցին մի շարք ոլորտներում լրացուցիչ մեծ պահանջարկի ձևավորմանը։ Այդ պահանջարկն էլ խթանեց ծառայությունների, նաև արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունների աճը։
Արդյունքում՝ նախատեսված 7 տոկոսի փոխարեն, ակնկալվում է, որ տնտեսական աճը կհասնի ընդհուպ 11-12 տոկոսի։
Բայց մեծ հարց է, թե այդ գործոնները որքանո՞վ կպահպանվեն հաջորդ տարի։
Կասկած չկա, որ առանց դրանց՝ Հայաստանի տնտեսությունն ու պետական բյուջեն դատապարտված են. ոչ միայն աճ չի լինի, այլև տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ։ Խնդիրների առաջ կկանգնի նաև պետական բյուջեն։
Կառավարությունն ինքն էլ խոստովանում է, որ անորոշությունները՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի կանխատեսումների հետ կապված, չափազանց շատ են։
«2023 թ. բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:
Նշված պայմաններն ուղղակի ազդեցություն ունեն մեր տնտեսական միջավայրի վրա, և գալիք տարվա մակրոտնտեսական միջավայրը դարձնում են դժվար կանխատեսելի»,- հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը կառավարությունում ներկայացնելու ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարը։
Չնայած դժվար կանխատեսելիությանն ու բազմաթիվ անորոշություններին, կառավարությունը 2023թ. պետական բյուջեում կրկին 7 տոկոս տնտեսական աճ է դրել, արտաքին բարենպաստ պայմանների դեպքում մինչև 9 տոկոս աճի հավանականությամբ։ Հիմնական հույսը ռուս-ուկրաինական հակամարտության հետ է կապված։ Թեև ակնհայտ է, որ դրա ազդեցությունն այլևս այն չի կարող լինել, ինչ եղավ այս տարի։
Հակամարտությունը, ըստ էության, սպառել է իր հետագա ճնշող ազդեցությունը Հայաստանի տնտեսական աճի վրա։ Դա վերջին ամիսներին նկատվեց հատկապես ֆինանսական հոսքերի պարագայում։
Կապիտալի նախկին ակտիվ ներհոսքը հուլիս-օգոստոսին դադարեց, նույնիսկ նվազեց։
Գուցե Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի հետևանքով որոշակի դրական տեղաշարժ կրկին արձանագրվի, բայց դա այլևս այն չի լինի, ինչ նախկինում։
Մեծ հարց է, որ հաջորդ տարի էլ դրամական փոխանցումները կշարունակեն այս տարվա տեմպերով աճել։
Հիշեցնենք, որ տարեսկզբի 8 ամիսներին արտաքին ֆինանսական հոսքերը կրկնակի ավելացել են, գերազանցապես՝ Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումների աճի հաշվին։ Ութ ամսում լրացուցիչ ավելի քան 1,3 մլրդ դոլար է մտել Հայաստան միայն ֆիզիկական անձանց փոխանցումների ու բացառապես բանկային համակարգի միջոցով։ Սա էլ դարձել է մեր տնտեսական աճի հիմնական գործոնը։
Բայց կապիտալի հոսքերի այդպիսի աճ անիմաստ է ակնկալել հաջորդ տարի։ Պատահական չէ, որ դրամական փոխանցումների աճի հավանականությունը կառավարությունը շատ ցածր է գնահատել՝ ընդամենը 4 տոկոս։ Թեև դա էլ չափից դուրս լավատեսական գնահատական է։
Հուլիս-օգոստոսին գրանցված դրամական փոխանցումների աճի տեմպի դանդաղումը լուրջ ահազանգ է տնտեսության հետագա աճի համար։ Եթե այդ միտումը շարունակվի, միայն այդ գործոնը բավարար է, որ հաջորդ տարվա բյուջեում դրված ցուցանիշների կատարումը բախվի խնդիրների հետ։ Թեև տնտեսական աճի ռիսկերը կառավարությունը երկկողմանի է համարում, այնուհանդերձ հակված է նրան, որ դրանք ավելի շատ տնտեսական աճը դեպի ներքև ձգելու ուղղությամբ են։
«Ինչպես աշխարհի և ՀՀ գործընկերների, այնպես էլ պետական բյուջեի շրջանակում ՀՀ տնտեսական աճի կանխատեսումների համար առկա են երկկողմանի ռիսկեր, սակայն դեպի ներքև ռիսկերը համեմատաբար մեծ են»,- արձանագրված է հաջորդ տարվա պետական բյուջեի ուղերձում։
Նախ՝ բազան է բարձր, և երկրորդ՝ գնալով թուլանալու են այս տարվա բարձր աճին նպաստող գործոնները, որոնք գալիս են մեծամասամբ ֆինանսական և ապահովագրական, կացության և հանրային սննդի, առևտրի և տեղեկատվական ոլորտներից։ Սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնք այս տարի, դրսից թելադրված պահանջարկով՝ նպաստեցին մեր տնտեսության բարձր աճին։ Ծառայությունները դարձավ տնտեսական աճին ամենամեծ նպաստը բերող հատվածը։ Առաջին կիսամյակի 11 տոկոս աճին ծառայությունների նպաստումը կազմեց 8,9 տոկոսային կետ։ Տնտեսության մյուս բոլոր ոլորտներինը միասին՝ ընդամենը 2,1 տոկոսային կետ։
Ծառայությունից փոխանցված տնտեսական աճի ռիսկը միշտ էլ մեծ է, բայց հիմա՝ առավել ևս, որովհետև այն պայմանավորված է գերազանցապես արտաքին գործոններով։ Կառավարության ազդեցությունն այստեղ գրեթե զրոյական է, բայց որքան էլ կարող է տարօրինակ լինել, տնտեսական աճի հույսերը կապված են մեծամասամբ դրա հետ։ Ու եթե չարդարանան այդ հույսերը, հարցականի տակ է հայտնվելու բյուջեի եկամուտների ու ծախսերի կատարումը։
Հաջորդ տարվա համար կառավարությունը բյուջեի եկամուտների 12,6 և ծախսերի 15,3 տոկոս աճ է նախատեսել, այս տարվա սպասումների համեմատ։ Հարկային եկամուտներն էլ նախատեսում է ավելացնել 14,7 տոկոսով։
Սրանք բոլորը կապված են տնտեսական աճի այն ցուցանիշների հետ, որոնք կառավարությունը, չնայած կանխատեսման անորոշություններին ու ձևավորված ռիսկերին, դրել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում։ Ու եթե այնպես ստացվի, որ ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման արդյունքում այդ ռիսկերը սկսեն արտահայտվել, ապա, ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի եկամուտների ապահովման առումով կառավարությունը կկանգնի փաստի առաջ։
Նախատեսված ծախսերը կատարելու համար կրկին ստիպված կլինեն դիմել լրացուցիչ պարտքերի ներգրավման ու, ինչպես միշտ, կշարունակեն համալրել պետության ֆինանսական բեռը։
Այսպիսի սցենարի հավանականությունն այսօր շատ բարձր է։ Դրանից ինչ-որ չափով խուսափելու և հնարավոր հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է ստեղծել, այսպես կոչված, ֆինանսական բարձիկներ։ Այլ բան, դրանք կստեղծվե՞ն, թե՞ ոչ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ