«Դա ըստ էության երաշխավորված էթնիկ զտման տանող սցենար է. միգուցե, Ցեղասպանություն տեղի չունենա, բայց առնվազն տեղի կունենա մասսայական արտագաղթ». Էդուարդ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում անդրադարձել է իր կողմից հնչեցված՝ «ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունը, անվտանգությունը՝ այդ թվում» և շատերի կողմից քննադատված հայտարարությանը:

Էդուարդ Աղաջանյանը նախ հստակեցրել է, թե իր խոսքը վերաբերում էր ՀՀ-ի կողմից ռազմական միջոցով Արցախի անվտանգության և իրավունքների ապահովմանը, ապա մանրամասնել.  «Ես ևս մեկ անգամ հիշեցնեմ և նշեմ և արձանագրեմ, որ, ցավոք, 44-օրյա պատերազմից հետո և դրա արդյունքում, այո՛, ՀՀ-ն զրկվել է այդ եղանակով արցախցիների բոլոր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Եվ հենց դրանով է պայմանավորված, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ, ըստ որի, ռուս խաղաղապահներն իրենց վրա պետք է վերցնեն այդ գործառույթը, հակառակ դեպքում՝ տրամաբանորեն, ռուս խաղաղապահները չէին գտնվի Արցախում»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի համար, պարզվում է, տարօրինակ է և անհասկանալի են եղել այն քննարկումները, որոնք հաջորդել են իր այդ հայտարարությանը:

«Հայաստանը չունի ռազմական ներկայություն Արցախում, հետևաբար, մենք պետք է շատ հստակ գնահատենք այն իրատեսական ռեսուրսները, որոնք կան այս պահի դրությամբ սեղանին, և խոսքը, մեր պարագայում, հիմնականում և առավելապես քաղաքական, դիվանագիտական ռեսուրսների մասին է, և, մասնավորեցնելով նաև ասածս, խոսքը միջազգային հանրության առավելագույն ներգրավվածության մասին է այս գործընթացում: Դեյվիդ Փրայսի հետ մասնավոր քննարկման ժամանակ նշել եմ, որ եթե միջազգային հանրությունը չգիտակցի այն առանձնահատկությունը, որն առկա է Արցախյան հակամարտության ամբողջ պատմության համատեքստում, և մասնավորապես արցախցիների գոյութենական խնդիրները, որոնք մշտապես վերջիններիս ուղեկցել են, և եթե միջազգային հանրությունն ընդունելի համարի Ադրբեջանի այն դիրքորոշումը, ըստ որի, իրենց Սահմանադրության շրջանակներում պետք է կարգավորվեն հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների հարաբերությունները, դա ըստ էության երաշխավորված էթնիկ զտման տանող սցենար է, որ, միգուցե, Ցեղասպանության տեղի չունենա, բայց առնվազն տեղի կունենա մասսայական արտագաղթ: Մեր գործընկերները, կարծում եմ, առանց մեր ասելու՝ դա գիտակցում են, բայց կարևոր էր, որ սա ևս մեկ անգամ ֆիքսվի: Սա իմ կողմից հստակ ձևակերպվել է. սա այն մեսիջն է, որ ընդհանրապես Միջազգային հանրությանն առաջին հերթին հղվի, որովհետև չեմ կարծում, որ 21-րդ դարում միջազգային հանրությունը պետք է հանդուրժի էթնիկ զտման որևէ դրսևորում»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Այս հարցազրույցի շրջանակներում նա անդրադարձել է նաև Դեյվիդ Փրայսի գլխավորությամբ Հայաստան ժամանած ամերիկյան կոնգրեսականների պատվիրակության այցին, ԱԺ-ում և վարչապետի հետ Փրայսի ունեցած հանդիպումներին:

Տեսանյութեր

Լրահոս